Բելառուսում նախագահական ընտրություններին հաջորդող գիշերը լարված է եղել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ Լուկաշենկոյի հրաժարականի պահանջով բազմաթիվ ցուցարարներ են հավաքվել քաղաքի կենտրոնական հատվածում: Լսվում են պայթյունների ձայներ, ոստիկանությունն արցունքաբեր գազ և լուսաաղմկային նռնակներ է կիրառում:
Ականատեսները վկայում են, որ ցուցարարներն, ովքեր դժգոհ են ընտրությունների նախնական արդյունքներից, հրապատիճներ են նետում ուժայինների ուղղությամբ: Ընդդիմադիրների շարքերում կան վիրավորներ, որոնք ամբողջովին արյան մեջ են, նրանց օգնություն են ցուցաբերում քաղաքացիները: Լուկաշենկոյի հեռացման պահանջով փողոց են դուրս եկել նաև այլ քաղաքների բնակիչներ: Այս պահին ձերբակալություններ են իրականացվում Մինսկում, Վիտեբսկում, Բրեստում: Հավելենք, որ ըստ նախնական արդյունքների՝ Լուկաշենկոն հավաքել է ձայների 80%-ից ավելին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը