05 08 2020

Ժողովուրդը հասկացավ՝ իր հավատով ընտրված իշխանությունն անցավ ռուբիկոնը. Հակոբ Ճաղարյան

Ժողովուրդը հասկացավ՝ իր հավատով ընտրված իշխանությունն անցավ ռուբիկոնը. Հակոբ Ճաղարյան

ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, ավիացիոն ոլորտի մասնագետ Հակոբ Ճաղարյանն Facebook-ում անդրադարձել է Ամուլսարում տեղի ունեցող իրադարձություններին։

«Երեկ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն առաջին անգամ ուժ կիրառեց իր օրինական շահերի պաշտպանության համար ոտքի կանգնած «հպարտ քաղաքացիների» հանդեպ:

Որպես ինքնաբուխ ըմբոստության ակցիայի մասնակից, ասեմ` դա մեծագույն սխալ էր ու պարտված քայլ:

Տեղացիներն էլ, Հայաստանի տարբեր ծայրերից վրա հասած, նրանց կողքին կանգնած քաղաքացիներն էլ գիտակից են և կազմակերպված:

Չստացվեց իրականացնել ոչ մի սադրանք`

Ոստիկանական մի քանի հարձակումները ժողովուրդը դիմավորում էր ձեռքերը վեր բարձրացրած և «Ոստիկանը մերն է» գոչելով:

Տասնյակներով «Բերման ենթարկվողները» (տխմարագույն արտահայտություն), ձերբակալվողները, հանգիստ, առանց դիմադրության հետևում էին իրենցից ֆիզիկապես թույլ և հոգեպես ընկճված հաճախ միայնակ ոստիկանին, ու մտերմիկ զրույցի անցնում:

Մարդիկ տիրապետում են անհնազանդության բոլոր ձևերին ու գիտակցում իրենց իրավունքն ու գիտակցված իրավունքի ուժը:

Փաստորեն, երեկ Վայոց Ձորի ոստիկանությունը ուղղակի կատարում էր Ամուլսարում ամսից ավելի գտնվող անօրինական զինված բանդային, նրա ժողովրդից պաշտպանողի դերը:

Չաշխատեց նույնիսկ իրենց անպատժելի զգացող բանդիտների նախաձեռնած սադրանքը: Փորձեցին ծեծկռտուք ստեղծել, որի ընթացքում լկտիացած բանդիտները քաշքշեցին նույնիսկ ՎՁ ոստիկանապետին:
Ինչն էլ ավարտվեց պահնորդ անվանվող խաժամուժից երկուսի ձերբակալմամբ և պահպանվող տարածքից մինչև նրանց «տարման ենթարկելու» կետը վերը նշված, ահաբեկված ռեմբոների ուժեղացված պաշտպանությամբ: Քանի որ ժողովուրդը նրանց հանդեպ ունի համապատասխան վերաբերմունք, իր կանխատեսելի հետևանքներով:

Արդյունքում ստացվեց` ճանապարհի 2 կողմը զբաղեցրած, Մի քանի կիլոմետրանոց ավտոշարասյուն, որը կարողացել է ինքնակազմակերպմամբ ճանապարհ տալ բոլոր անցնող մեքենաներին:

Ով կասի` որ մի քանի հոգի են Ամուլսարի հանքահենության դեմ պայքարողներն ու կազմակերպվում կամ վճարվում են ինչ որ տեղից` թող նայի էս մի քանի ֆոտոներին: Ու հետո հետ դառնա իրենց 7 հոգանոց միտինգին կառավարության շենքի առաջ:

Ժողովուրդը հասկացավ, որ իր հավատով ու լեգիտիմությամբ ընտրված իշխանությունն անցավ Ռուբիկոնը:

Հորջորջվող 1,5 մլրդ հնարավոր արբիտրաժային տույժերի մասին էլ ժողովուրդն ունի իր կարծիքն ու իր հաշվարկները:
Մարդիկ բացահայտ հայտարարում են, որ Հյուսիսային պողոտայի համար տարհանվածներին վճարվող տույժերը ոչինչ են մի քաղաք ու մի քանի գյուղ տարհանվածների սպասվող պահանջների դիմաց: Ու որ ՄԻԵԴ տեղը իրենք էլ լավ գիտեն:

Կարծում եմ, հայտնություն չեմ անի, եթե ասեմ, որ էս ամբողջ տարածքն արդեն անմահ քայլողների ընտրազանգվածը չի:

Ու չմոռանամ` Միքայել Նազարյանը, ոնց որ միշտ, առաջին ձերբակալվածներից (բերման ենթարկվածներից) էր» , - գրել է Հակոբ Ճաղարյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ