Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Հայաստանին եւ Ադրբեջանին երկխոսության կոչ է արել:
«2020 թվականի հուլիսի 12-ին Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին կրկին բռնկվեց զինված դիմակայություն, որը հանգեցրեց երկու կողմերից մարդկային զոհերի:
33-րդ տարին է, ինչ ձգվում է ժողովուրդների հակամարտությունը, որոնք շատ դարեր կողք կողքի են ապրել: 1989 թվականից ես մշտապես մասնակցում եմ այս հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու աշխատանքին: Դրա յուրաքանչյուր սրացում ընկալում եմ որպես անձնական ցավ:
25 տարի առաջ՝ 1995 թվականի հունիսի 13-ին, Մոսկվայի Սուրբ Դանիլի վանքում տեղի ունեցավ Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի կրոնական առաջնորդների առաջին եռակողմ հանդիպումը, որի նախաձեռնությամբ հանդես եկավ Ռուս Ուղղափառ եկեղեցին: հանդիպման արդյունքներով ընդունվեց համատեղ հայտարարություն, որում տեսակետ հայտնվեց, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կրոնական հիմք չունի: Դա հատկապես կարեւոր է հիշել այսօր, երբ փորձում են կրոնական գործոնն արհեստականորեն մտցնել ազգամիջյան հակամարտությունների մեջ, որ դիմակայությունը սրեն:
2017 թվականի սեպտեմբերի 8-ին Մոսկվայում ընդունվեց մեր երկրների հոգեւոր առաջնորդների եւս մեկ համատեղ հռչակագիր, որում նշվում էր, որ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդները միշտ ապրելու են կողք կողքի, քանի որ նրանք այլ հեռանկար չունեն, քան խաղաղությունը եւ համագործակցությունը:
Այսօր Ռուս Ուղղափառ եկեղեցին հակամարտության եկու կողմերին երկխոսության կոչ է անում: Հայաստանի եւ Ադրբեջանի կրոնական համայնքները այդպիսի երկխոսության ստեղծման փորձ ունեն, որը հիմա անչափ պահանջված է:
Կոչ եմ անում չգնալ այն ուժերին ընդառաջ, որոնց ձեռնտու է Կովկասում լարվածության խորացումը: Կովկասում նոր պատերազմն անխուսափելիորեն կներգրավի տարբեր կարգի ահաբեկիչների ու ծայրահեղականների, որոնք երկար ժամանակ տարածաշրջանը կզրկեն խաղաղությունից եւ հանդարտությունից:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում եռակողմ երկխոսություններում Ռուս Ուղղափառ եկեղեցու բազմամյա խաղաղարար գործունեությունը ինձ թույլ է տալիս դիմելու Ադրբեջանի եւ Հայաստանի կրոնական առաջնորդներին: Թանկագին եղբայրներ, խնդրում եմ ձեզ պահպանել այն ձեռքբերումները, որոնք մեզ հաջողվել է ամրագրել եղբայրական հանդիպումների ժամանակ:
Ռուս Ուղղափառ եկեղեցին ջերմորեն աղոթում է, որ հակամարտությունը որքան հնարավոր է արագ ավարտվի: Հույս ունենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի մեզ համար եղբայրական ժողովուրդներն իրենց մեջ ուժ եւ իմաստնություն կգտնեն դադարեցնելու թշնամանքը, նվազեցնելու անվստահության աստիճանը եւ հասնելու տարանջատող խնդիրներում փոխընդունելի լուծումների»,- նշված է հայտարարության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը