Որ չվարժվենք մահվան վիճակագրությանը
Ադրբեջանական ագրեսիան մի պահ համաճարակը երկրորդ պլան մղեց։ Բայց այն շարունակում է ընթանալ իր ողբերգական հունով. երեկ՝ 18 մահ, նախորդ օրը՝ 13, դրանից առաջ՝ 14, 15, 21 մահ՝ ամեն օր։ Մենք սովորեցինք մահվան վիճակագրությանը։
Իշխանության տարբեր օղակների աններելի սխալների արդյունքում համաճարակի դեմ պայքարը Հայաստանում տապալվեց։ Մայիսի կեսերից այն վերահսկողությունից դուրս էր։ Նոր հիվանդների և մահերի թիվը կանգ չի առնում, իսկ մարդիկ, ովքեր կրում են ուղիղ պատասխանատվություն՝ ողբերգության և մարդկային կյանքերի համար, շարունակում են պաշտոնավարել։
Իհարկե, Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղ իշխանությունները տապալել են համաճարակի դեմ պայքարը։
Բոլոր այն երկրներում, որտեղ տապալվել է համավարակի դեմ պայքարը, հասարակությունները սկսել են բացատրություններ պահանջել։ Իտալիա, Իսպանիա, Շվեդիա, ԱՄՆ, Բրազիլիա, Իսրայել, Սերբիա և այլն։ Այս երկրներից մի քանիսում բողոքներն արդեն իրավական գործընթացի են բերել, անց են կացվում հետաքննություններ, մյուսներում, այդ թվում՝ Հայաստանում, հասարակությունները պահանջում են հաշվետվություն՝ ինչու տապալվեց հիվանդության դեմ պայքարը։ Գլխավոր հարցը, որ բարձրացնում են մարդիկ՝ ո՞վ կամ ովքե՞ր են մեղավոր այդքան տառապանքների և այդքան մեծ թվով մահերի համար։
Իրավական գործընթացները համաշխարհային տրենդ են դառնում․ Շվեդիայում ստեղծվել է հանձնաժողով, որը քննելու է վիրուսի դեմ պայքարում իշխանությունների գործողությունները, Իտալիայում ընթանում է քննություն, հարցաքննում են վարչապետին՝ կապված կորոնավիրուսի բռնկման ժամանակ իշխանությունների ոչ պատշաճ արձագանքի և գործողությունների հետ։ Եվ թեև վարչապետը և Լոմբարդիայի իշխանությունները փորձում են հասարակության առջև արդարանալ իրենց գործողություններին այլընտրանքի բացակայությամբ, կորոնավիրուսից մահացածների հարազատները զանգվածաբար հայցեր են ներկայացնում Բերգամոյի դատախազություն։ Հայցերն ուղղված են Իտալիայի կառավարության և տարածքային իշխանությունների դեմ՝ համավարակի ժամանակ ոչ բավարար միջոցներ ձեռնարկելու և անփութության համար, ինչը հանգեցրել է բազմաթիվ մահերի։ Սա պաշտոնական բողոքների արդեն երկրորդ փուլն է, նախորդ ամիս դատախազություն մուտք է արվել նման 50 բողոք։ Եվ սա դեռ սկիզբն է։ Բողոքներում բարձրացվում են հարցեր՝ համավարակի դեմ պայքարը ուշ սկսելու, պարտադիր մեկուսացման պահանջն ուշ կիրառելու վերաբերյալ։
Անկախ բոլոր առանձնահատկություններից՝ իտալացիների բարձրացրած հարցերից շատերը, այս ամիսների ընթացքում տվել է նաև մեր հասարակությունը.
· Ինչո՞ւ Հայաստանում համավարակի դեմ պայքարն ուշ սկսվեց։ Արդյո՞ք դեռևս հունվարի 31-ին ստեղծված համավարակի դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովը չի ընկալել վարակի տարածման համաշխարհային տենդենցները կամ, ամեն ինչ գիտակցելով, ստորադասել է այն քաղաքական նպատակներին, և իշխանությունը շարունակում էր իր հանրահավաքները։
· Ինչո՞ւ հանձնաժողովը կորցրեց թանկ ժամանակը՝ պետական համակարգերը վարակին լրջորեն նախապատրաստելու համար։ Ինչո՞ւ հանձնաժողովը չխանգարեց վարչապետի սահմանադրական հանրաքվեի միտինգներին։
· Անհասկանալի է, թե ինչու Իրանի հետ սահմանը փակելուց հետո, երբ այնտեղ 43 դեպք էր հայտնի, չդադարեցվեց Իտալիայի հետ հաղորդակցությունը, երբ այնտեղ արդեն 10000-ից ավել դեպք կար։
· Ինչո՞ւ իշխանություններն առանց նախապատրաստական աշխատանքների և հետագա ռազմավարության մշակման մայիսի 4-ից գնացին սահմանափակումների թուլացման։
· Ինչո՞ւ չլուծվեց բավարար թեստավորումների հարցը և տապալվեց հիվանդների հայտնաբերման և կապերի, շփման շրջանակի վերահսկման գործը։
Այս և բազմաթիվ այլ հարցեր մի օր քննարկման առարկա են դառնալու։ Տրամաբանությունը նույնն է. հասարակությունը պահանջելու է պատասխան՝ ինչո՞ւ տապալվեց համաճարակի դեմ պայքարը, և ո՞վ է մահերի համար պատասխան տալու։ Ինչո՞ւ էր իշխանությունն իրեն դրսևորում զուտ որպես ժողովրդի հիվանդության և մահերի վիճակագիր։ Նման բաներն անհետևանք չեն մնում։ Հասարակությունը պատասխաններ է պահանջելու։ Դա լինելու է պաշտոնանկությունների տեսքով կամ դատաիրավական հարթության մեջ։
Երևանը աշխարհի այն եզակի մայրաքաղաքներից է, որտեղ չի կազմակերպվել հակահամաճարակային աշխատանք. քաղաքը չի ախտահանվել, շենքերի մուտքերը, վերելակները պարբերաբար չեն ախտահանվել, իսկ առողջապահության նախարարը վարակի անվերահսկելի տարածման և ամենօրյա մահերի պայմաններում զբաղված էր քաղաքական ընդդիմադիրների դեմ ֆեյսբուքյան գրառումներով։ Թույլ տրված բազմաթիվ սխալներն արժեցել են մեր հայրենակիցների կյանքը և առողջությունը։ Ամենօրյա 15-17-20 մահերի տակ ընդհատված ճակատագրեր են, անձնական ողբերգություններ։
Սա չի կարող մնալ անպատասխան՝ ճիշտ այնպես, ինչպես պարետ Ավինյանի մշտական ֆիզիկական և հոգևոր բացակայությունը՝ ամեն ինչից և ամենուր։
Եվ կարծում եմ պետք է դադարեցնել մահվան անդեմ թվեր հրապարակելը։ Պետք է գտնել ձևը այդ մարդկանց հարգանքի տուրք մատուցելու։
Էլինար Վարդանյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը