Տավուշի մարզպետ Հայկ Չոբյանը Իջևանում կայացած ճեպազրույցի ընթացքում նշեց, որ բոլոր սահմանամերձ գյուղերում կան ապաստարաններ, ապաստարան կառուցելիս նախապատվությունը տրվել է մանկապարտեզների եւ դպրոցներին, քանի որ այդտեղ մարդկանց կուտակումը շատ է:
«Մեր գյուղերում կան նաեւ անհատական եւ խմբային ապաստարաններ: Նաեւ ապաստարանի դեր են խաղում մարդկանց նկուղները: 1990-ականներից գյուղացիներն օգտագործում են հենց նկուղները:
Ես ուզում եմ բարձր գնահատել մեր ժողովրդի ինքնապաշտպանական բարձր զգացողությունն ու բնազդը: Այն, որ 100-ից ավելի հրետակոծությունների հետեւանքով ունենք ընդամենը մեկ վիրավոր, դա առաջին հերթին մեր ժողովրդի ինքնապաշտպանական մշակույթի արդյունք է:
Այժմ տեղի է ունենում ապաստարանների համալրման աշխատանքներ եւ խոսքն այս դեպքում ոչ միայն ստանդարտ ապաստարանների մասին է, այլեւ փոքր նկուղ-ապաստարանների: Արդեն հայտարարել ենք մրցույթ, նշել ենք մի քանի պարագաներ՝ ջրի տարաներ, լապտերներ, նստարաններ, ծածկոցներ եւ այս հավաքագրումներն իրականացվում ոչ միայն ապաստարանների համար, այլեւ այն նկուղային տարածքների համար, որը ժողովուրդն օգտագործում է որպես ապաստարան:
Ես կարծում եմ, որ վերականողական աշխատանքները կավարտվեն մեկ ամսվա ընթացքում: Նոր շենքերի կառուցումը, բնականաբար, կտեւի ավելի երկար, բայց մենք կանգ չենք առնելու, այդ բոլոր աշխատանքներն իրականացվելու են շատ ինտենսիվ կերպով»,-ասաց նա:
Երեկ ողջ օրվա ընթացքում չնայած ռիսկային իրավիճակին, իրականացվել են վերականգնողական աշխատանքները Տավուշի սահմանամերձ բնակավայրերում:
«Երեկ օրվա վերջում ավարտել են բոլոր ենթակառուցվածքային վերանորոգումները, այդ թվում ջրագծերի, ոռոգման համակարգերի, որը հնարավորություն է տվել, որ այսօր մարդիկ վերադառնան իրենց աշխատանքի եւ գյուղատնտեսության կիսատ մնացած գործերը հասցնեն մինչեւ վերջ: Ես կարծում եմ, որ իսկապես այսօր ունեցել ենք բուռն աշխատանքային օր մեր գյուղերում: Բոլոր պայմանները կային դա իրականացնելու համար:
Զուգահեռ իրականացվել են հետեւանքների գույքագրման աշխատանքները: Մենք այսօր գրեթե ավարտել ենք ամբողջ գույքագրումը: Դիտարկում ենք, որ ամբողջական գույքագրում կունենանք շաբաթվա ընթացքում, բայց այսօրվա դրությամբ մենք առանձնացրել ենք 12 տուն՝ 6 տուն Այգեպարում, 6 տուն Ներքին Կարմիր Աղբյուրում, որտեղ արդեն կարող ենք սսկսել վերականգողական աշխատանքները»,-ասաց մարզպետը՝ հավելելով, որ երեկ արդեն սկսել են երկու բնակարանների վերականգնման աշխատանքները։
Նա նաեւ հավելեց, որ երկուշաբթի կունենան երկրորդ խմբաքանակը, որտեղ շինարարները կմտնեն աշխատելու, իսկ շաբաթվա վերջում արդեն կունենան առաջին վերականգնված տները: «Գույքագրման ժամանակ պարզեցինք, որ որոշ ավերածություններ եղել են ոչ թե վերջին օրերին, այլ շատ ավելի առաջ, այդ թվում 1990-ականներին: Դրանք եւս ներառել ենք գույքագրման ցանկերում: Դրանք եւս կվերացվեն:
Գույքագրված են նաեւ վնասված ավտոմեքենաները եւ հաստատ կլինեն նաեւ որոշակի փոխհատուցումներ: Քանի որ ռմբահարվել են նաեւ անասնագոմեր, վնասվել են նաեւ անասուններ, դրանց փոխհատուցումը եւս կտրվի»,-ասաց Չոբանյանը:
Տավուշի մարզի բնակավայրերից մարդկանց տարհանման որոշում չկա. տարհանման կարիք այս պահին չկա, այս պահին կառավարության հետ քննարկում ենք երեխաների հնարավոր ճամբարային ձեւաչափերը::
«Որոշում լինելու դեպքում ավելի քաղաքակիրթ ձեւով կիրականացնենք մեր երեխաների տեղափոխումը Տավուշից դուրս, որը նաեւ որոշակի վերականգնողական, կրթական, մշակութային նշանակություն կարող է ունենալ: Իհարկե, դժվարություններից մեկը կապված է համավարակային իրավիճակի հետ, դրա համար քննարկումը մի փոքր երկար է տեւեւմ, մինչեւ գտնենք համապատասխան ձեւաչափ»,-ասաց Չոբանյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը