17 07 2020

Մենք ոչ միայն Արցախում ենք պարտվել հայերին, այլև՝ ամենուր․ ադրբեջանցի գրող

Մենք ոչ միայն Արցախում ենք պարտվել հայերին, այլև՝ ամենուր․ ադրբեջանցի գրող

Շվեդիայում բնակվող ադրբեջանցի գրող, հրապարակախոս Վախիդ Գազին «Qafqazinfo.az» կայքում հրապարակված իր բաց նամակում պատմում է, որ վերջերս գովազդային մի ցուցանակի վրա՝ «Պատերազմի քամիներ» անունով երաժշտական ծրագրում եվրոպական դասական կոմպոզիտորների շարքում նշված էր նաև Արամ Խաչատուրյանի անունը:

«Ինձ դա հիշեցրեց մանկությանս տարիները, երբ հեռուստատեսությամբ ցուցադրվող խորհրդային ֆիլմերի և ծրագրերի տիտրերում ադրբեջանցու ազգանուն էի փնտրում, և եթե մեր ազգանուններին նմանվող ազգանում էի հանդիպում, չէի կարողանում տարբերակել ադրբեջանական է, թե այլ մահմեդական ազգի: Բայց ամեն հաղորդման ժամանակ հանդիպում էի հայի ու վրացու ազգանուն: Նվազագույնը` ֆիլմի երաժշտության դիրիժորը հայ էր լինում:

Մի անգամ «Նիկոլո Պագանինի»-ի ֆիլմի գլխավոր դերակատարի` Վլադիմիր Մսրյանի անունը կարդալուց հետո հայրիկիս հարցրեցի. «Հայերն ամենուր են, նրանք շատ ե՞ն»: «Շատ չեն: Նրանք պարզապես զարգացած, ակտիվ և շրջահայաց են: Մեկը մյուսին օգնում, ընդառաջում է: Այդ պատճառով էլ ամեն տեղ երևում են»,- պատասխանեց հայրս»,-հիշում է Գազին:

Հեղինակը նշում է, որ հետագայում այդ ամենը նա տարբեր վայրերում նկատում էր. սկսած Նյու Յորքի կենտրոնական փողոցներից, որտեղ հսկայական ռեստորանի վրա փայլում է «Petrossian» ազգանունը, մինչև Շվեդիայի գյուղական գրադարանները, որտեղ գովազդվում է Օսմանական Թուրքիայում հայերի ցեղասպանության մասին պատմող գիրքը:

«1940-ական թվականներին Խաչատուրյանի՝ «Ստալինգրադի մարտը» խորհրդային ֆիլմի համար գրած սյուիտի ընդգրկվելը փոքրիկ քաղաքի նվագախմբի երգացանկում ինձ զարմանալի չթվաց: Ուզում եմ ասել, որ մենք միայն Ղարաբաղում չէ, որ պարտվել ենք, և այդ պարտության մեղավորները բոլորն են՝ Ռուսաստանը, Իրանը, Ամերիկան, քրիստոնեական աշխարհը, մասոնները, միայն թե ոչ մենք»,-նշում է հեղինակը:

Գազիի խոսքերով, ադրբեջանցիները չէին ճանաչում ոչ միայն հային, ով իրենցից ոչնչով չէր տարբերվում, այլ նաև հային, ով աշխարհի մյուս ծայրում էր գտնվում:

« Պարտվել ենք պատերազմում մարշալ Բաղրամյանին, մարշալ Բաբաջանյանին, քաղաքականության մեջ` Միկոյանին, այլախոհների մեջ` Պարույր Հայրիկյանին, իրավապաշտպանության բնագավառում` Ալիխանյան-Բոններին, դասական երաժշտության մեջ` Արամ Խաչատուրյանին, ժամանակակից երաժշտության մեջ` Միշել Լեգրանին, ջութակում` Սամվել Երվինյանին, դուդուկում` Ջիվան Գասպարյանին, ուդում` Ջոն Բերբերյանին, էստրադայում` Շառլ Ազնավուրին, գրականության մեջ` Վիլյամ Սարոյանին, նկարչության մեջ` Այվազովսկուն, կինոյում` Փարաջանովին, դերասանության մեջ` Ջիգարխանյանին, նորաձևության բնագավառում` Կիմ Կարդաշյանին, բիզնես վարելու մեջ` Քըրք Քըրքորյանին, բարեգործության մեջ` Ջերարդ Գաֆեսճյանին, կոնստրուկտորական գործում` Արտյոմ Միկոյանին, աստրոֆիզիկայում` Համբարձումյանին, վարսավիրության մեջ` Մոսեսին, փինաչիության մեջ` Աշոտին, թթու դնելու մեջ` Հայկանուշին»,-գրում է հեղինակը:

Ինչպես նշում է Գազին, ադրբեջանցիները այդ ամենի պատճառը հայերի կեղծարարության, ստախոսության, խորամանկության, քրիստոնեության, եկեղեցու, Ռուսաստանին, Իրանին, Ամերիկային օգտակար լինելու, դավաճանության մեջ են տեսնում, բացի երբեք չեն փնտրում պատճառն իրենց մեջ: Ըստ հեղինակի՝ իր նշված անձանցից յուրաքանչյուրն հաջողության է հասել այն պատճառով, որ իր թիկունքին զգացել է բազմաթիվ հայերի աջակցությունը:

«Նրանք ձեռք են մեկնում ընկնողին, թիկունք են կանգնում բարձրացողին: Գիտության, քաղաքականության, արվեստի, սպորտի, զինվորականության մեջ, ամեն տեղ մեկի հաջողության համար հինգը ճանապարհ է բացել: Առաջ անցնողին չեն վատաբանել, չեն խոչընդոտել, չեն չարախոսել, դիմացը փոս չեն փորել»,- նշում է հեղինակը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ