11 07 2020

Փոքր ստեր մեծ կեղծիքի մեջ. Ռուբեն վարդապետ Զարգարյան

Փոքր ստեր մեծ կեղծիքի մեջ. Ռուբեն վարդապետ Զարգարյան

Ռուբեն վարդապետ Զարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Գիտե՞ք որն է գողության և կողոպուտի տարբերությունը։ Կողոպուտը նույն գողությունն է՝ կատարված բացահայտ, հանդուգն կերպով։ Իսկ գիտե՞ք որն է ստի և ցինիկ ստի տարբերությունը։ Այո՛, հասկացաք, ցինիկ սուտը նույն սուտն է՝ ասված անթաքույց լկտիությամբ։ Բայց սուտը ոչ միայն հականիշն է ակնհայտ ճշմարտության, այլև կես-ճշմարտությունն է, ճշմարտության խեղաթյուրումն է, ճշմարտության շահարկումն է։ Երկու հիմնական սուտ՝ տեղ գտած «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ վերջին զարգացումների մեջ և արտահայտված որոշ պաշտոնյաների կողմից, այն էլ՝ բացահայտ ցինիզմով, ապակողմնորոշելու հասարակությանը, որի բացարձակ մեծամասնությունը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է․
1. Քննարկում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ․ բացահայտ սուտ, քննարկում չկա, ընդամենը քննարկման իմիտացիա։ Կրթության ընդհանուր չափորոշիչների վերաբերյալ հրապարակված փաստաթղթի ստեղծման աշխատանքներին Մայր Աթոռը չի մասնակցել։ Այստեղ խնդիրը ոչ թե Մայր Աթոռի մասնակցության կամ չմասնակցության արդարացվածությունն է, այլ պնդումը, որ այս ոլորտում կա քննարկում աշխարհիկ և հոգևոր իշխանությունների միջև։ Սիրելի՛ մեծամասնություն, ՉԿԱ՛, իմացիր այս մասին։ Իսկ թե ովքե՛ր են մասնակիցները, ի՛նչ կրթություն ունեն, ո՛ր միջազգային ֆոնդերից են ժամանակին ֆինանսավորվել, ի՛նչ չափանիշներով են հենց իրենք ընտրվել, Մայրենի լեզվի ի՛նչ իմացություն ունեն, կարծում եմ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ մեծամասնությունը իրավունք ունի իմանալու։
2. «Հայ եկեղեցու պատմությունը» դուրս չի գալիս հանրակրթական դպրոցներից։ Բացահայտ սուտ։ Հիշյալ գիտակարգը դպրոցներում դասավանդվում է 5-11-րդ դասարաններում, յուրաքանչյուր դասարանի համար նախատեսված մեկ դասագրքով, բոլորը միասին՝ մոտ 800 էջ։ Այս գիտակարգը ուսումնասիրում է ոչ միայն հայ եկեղեցու պատմությունը, այլև Աստվածաշունչ մատյանը, քրիստոնեական բարոյագիտությունը, հայ քրիստոնեական մշակույթը, եկեղեցու ծիսական կյանքը, բարեպաշտական սովորությունները, մարդկային արժեքները (օրինակ՝ հավատարմություն, պատասխանատվություն) և այլն։ Եվ այս սուտը շահարկվում է իբր թե «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի մեջ տարրալուծելու որոշմամբ՝ Հայ եկեղեցու հետևորդ մեծամասնության արդարացի մտահոգությունները փարատելու նկատառումով։ Որտե՞ղ է մասնագիտական եզրակացությունը, որ հնարավոր է այդ տարրալուծումը։ Ո՞ւր են ձեր բաց քննարկումները, հանրային լսումները, հայտնի և վաստակաշատ պատմաբանների ներգրավմամբ ուսումնասիրությունները։ Սիրելի՛ մեծամասնություն, ՉԿԱ՛, իմացիր այս մասին։ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ մեծամասնությունը իրավունք ունի իմանալու, թե ովքեր են նման խորհուրդ տվել պատկան մարմիններին։
Հ․գ․Այս երկու մեծ սուտը իրականում բխում է ՄԵԿ ՄԵԾ ԿԵՂԾԻՔԻՑ․ հայտնի նախարարը Հայ եկեղեցու անդամ մեծամասնության ականջին հաճո միտք է արտահայտում. ուզում ենք, որ Հայ եկեղեցին հզոր լինի։ Սո՛ւտ։ Դուք արդեն բարձրաձայնել եք, որ եկեղեցու հզորությունը հակացուցված է պետության հզորությանը, վկան Պապ թագավորի կերպարի շահարկումը։ Այստեղ չեմ վիճարկում թեզը, թե արդյո՞ք հզոր եկեղեցին խանգարում է պետության հզորացմանը, պարզապես արձանագրում եմ, որ դուք հզոր եկեղեցու կողմնակից չեք։ «Ծառը պտղից է ճանաչվում»,-ասում է Ավետարանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ