Ինչպես արդեն տեղեկացրել էինք ոստիկանությունն այսօր մտել է Արմնյուզ եւ TV 5 հեռուստաընկերությունների խմբագրություն եւ հաղորդավարների դիմակ չկրելու առիթով վարչական վարույթներ է հարուցել: Այս առնչությամբ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պարզաբանում է խնդրել «Քառյակ մեդիա» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Անտինյանից.«Բավական զարմացած եմ ոստիկանության այսօրվա այցելությունից, որովհետև առաջին իսկ օրվանից ինչ ունենք կարանտինային պայմաններ, Քառյակ մեդիան և, մասնավորապես, Արմնյուզ հեռուստաընկերությունը ոչ միայն պահպանել է կարանտինային կանոնները, այլև եղել է առաջին հեռուստաընկերությունը, որն անցել է ամբողջությամբ հեռավար ռեժիմի, որպեսզի պահպանենք կարանտինային կանոնները և կոչ անենք մարդկանց, որպեսզի մնան տներում և չվարակեն միմյանց: Ու այս կոնտեքստում, կարծում եմ, եթե նույնիսկ ինչ-որ խնդիր թույլ է տրվել չհասկանալու կամ տարընթերցման պատճառով, կարելի էր պարզապես զանգահարել, զգուշացնել, և խնդիրը միանշանակ կշտկվեր, որովհետև մենք պատրաստ ենք համագործակցության:
Շատ զարմացած եմ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումից և շատ զարմացած եմ այն ձևակերպումներից, որը նա օգտագործում է: Ինձ թույլ չեմ տա դրանք կրկնել, բայց բացի 168 ժամին հարցազրույցը, Արմնյուզ հեռուստաընկերության տնօրինությունը մեկ շաբաթ շարունակ բանակցությունների մեջ է եղել ՀՌՀ նախագահի հետ, արդյոք պետք է դիմակ կրել եթերում, թե ոչ: Դրանից հետո անգամ ՀՌՀ-ում եղել է տարակարծություն ՀՌՀ նախագահի և իրավաբանի միջև, ասեմ ավելին՝ իրավաբանը պնդել է, որ պետք է դրվի, ՀՌՀ նախագահն ասել է, որ պետք չի դրվի, և վերջում մենք լսելով Տիգրան Հակոբյանին չենք դրել դիմակներ եթերում, և հիմա ասել, որ ընդհամենը հենվել են փոքրիկ խորհրդի վրա, կարծում եմ, որ այս ձևակերպումը առնվազն ճիշտ չէ և չի բխում գործընկերային հարաբերություններից: Ուզում եմ ֆիքսել, որ ոստիկանությունների այցելությունները ցանկացած երկրում, ցանկացած խմբագրություն և առհասարակ ցանկացած մամուլի միջոցի տհաճ ֆոն են ստեղծում, և որպեսզի դա որոշակի եզրահանգումների ու վերլուծությունների տեղիք չտա, ամեն գնով պետք է դրանից խուսափել, իսկ խուսափելու եղանակներ բազմիցս տրված էին ու կարելի էր դրանից խուսափել: Հուսով եմ, որ հետագայում մեզ հետ հարաբերությունները չեն լինի այդ ֆորմատով, այլ ՀՌՀ, որը կարգավորող մարմին է, կվերականգնվի իր լիազորությունների մեջ, և ոչ միայն հետ կպահի գործընկերներին ոստիկանների այցելություններից, այլև ինքը կնախաձեռնի, որ խնդիրները շտկվեն վայրկյան առաջ:
Ինչ վերաբերում է ՀՌՀ նախագահի արտահայտությանը, թե Արմնյուզ հեռուստաընկերությանը գումար է տրվել, կարծում եմ այդ շահարկումը առնվազն գեղեցիկ չէ, որովհետև Արմնյուզ հեռուստաընկերությունը առաջին օրվանից անշահախնդրորեն ցուցադրել է պարետատան և Առողջապահության նախարարության բոլոր հոլովակները, որոնք ուղղված էին կորոնավիրուսի համաճարակի կանխարգելմանն ու բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը, և կարծում եմ, ասել, որ գումար են տվել, առնվազն գեղեցիկ չէ, որովհետև Արմնյուզ հեռուստաընկերությունն առաջին իսկ օրվանից անշահախնդրորեն կառուցել է գործընկերային հարաբերություններ, ու շահարկումը, կրկնում եմ, շատ գռեհիկ է»: Իսկ «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանն ասաց, որ ֆեյսբուքյան գրառմամբ իր կարծիքը հայտնել է և ավելացնելու ոչինիչ չունի: Մեջբերենք.
«Ոստիկանները «հյուր» էին եկել «5-րդ ալիք» հեռուստաընկերություն: Պատվով, կարգով ընդունեցինք, թեթև բանավիճեցինք, որովհետև նրանք ցավոք (չէ, նրանք չէ, պարետը ) չէին հասկանում գրասենյակային տարածքի և տաղավարի տարբերությունները: Նրանց հանգամանալից բացատրեցի, որ այնտեղ, որտեղ նստած ենք գրասենյակային տարածք է, իսկ տաղավարը, որտեղ ընթանում են նկարահանումները՝ արտադրական է: Չգիտեմ, թե այս պարզ ճշմարտությունը նրանք կամք կունենա՞ն բացատրել պարետին, բայց նաև իմ պահանջով չափեցինք և արձանագրեցինք, որ հյուրի և հարցազրույց վարողի հեռավորությունը կազմում է 2 մետր 80 սմ: Այսինքն՝ այստեղ եւս սոցիալական հեռավորությունը ապահովված է և վարչական վարույթ բացելու պարտադրանքը համարեցի ապօրինի գործողություն: Երկրորդ տաղավարում էլ միայն մեկնաբանն է աշխատում և այստեղ էլ սոցիալական հեռավորություն պահելու խնդիր չկա: Կրկնում եմ պարետը պետք է հասկանա, որ տաղավարը գրասենյակային տարածք չէ և եթե այդ տաղավարից մենք արտադրանք ենք տալիս, նշանակում է այն արտադրական է: Ես հրաժարվել եմ ստորագրել և ընդունել վարչական վարույթ բացելու ծանուցագիրը: Եթե հարցեր կլինեն, կվիճարկենք դատարաններում, իսկ եթե այստեղ հանդիպենք նրանց սրտի կտոր «արմենդանիելյանատիպ» դատավորների , կգնանք դուրս՝ ԵԴ»:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կրկին դատապարտում է լրատվամիջոցների նկատմամբ նման ճնշումները, որը վախի մթնոլորտ է ստեղծում ու խոչընդոտում է խոսքի ազատությանն ու լրատվամիջոցների անկաշկանդ գործունեությանը:
Քաոսը երկրում եթե նույնիսկ գոյություն չունենար, այն պետք էր սարքել։
Օգտվելով համավարակից ու քաոսից`ՀՀ Ոստիկանությունը խոչնդոտում է հեռուստաընկերության աշխատանքը։ Դիմակ պահանջելով հեռուստաստուդիա մտնելը ինչ-որ քայլող տղաների ու աղջիկների ցանցառությունը չէ, ոչ էլ Կարգին Հայկոյի սարքած զավեշտը, այլ պետական քաղաքականություն։
Տղաները եւ աղջիկները համարում են, թե քանի որ իրենք հեռացրել են նախկին ռեժիմին, ուրեմն մեր նկատմամբ ինչ ուզեն, կանեն։ Նաեւ՝ կուզեն համավարակի դեմ չեն պայքարի, քանի որ իրենց պետք է այս համավարակը։ Հիմա տեղը չէ անդրադառնալու, թե համավարակի քողի տակ որքան հակաժողովրդական, հակաժողովրդավարական եւ հակասահմանադրական օրենքներ են ընդունել, համավարակի քողի տակ քանի քաղաքացու են տուգանել եւ ասֆալտին պառկեցրել՝ անպատժելիության եւ սարսափի մթնոլորտ տարածելով երկրում, համավարակի քողի տակ բյուջեից որքան գումար է մսխվել, կամ ծախսվել մեծ կոռուպցիոն ռիսկերով գործարքներ կատարելու։ Հիմա պետք է դատապարտենք համավարակի քողի տակ լրատվամիջոցների դեմ պատժիչ գործողությունները։
Դեռեւս 2018թ․-ից ենք նախազգուշացնում, որ մամուլը Նիկոլ Փաշինյանի թիրախում է, մամուլի հանդեպ պարբերաբար հարձակումներ են եղել՝ սկսած ֆեյքերից ու դատական գործերից, մինչեւ խմբագրությունների ներխուժում, լրագրողներին ոստիկանության կողմից ծեծի ենթարկել։ Հիմա Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Սահմանադրական դատարանի հարցերը լուծելուց հետո բոլոր դատարաններն այլեւս հպատակված են եւ լրատավամիջոցներին պաշտպանող չի մնացել, եւ ուրեմն՝ կարելի է սկսել նրանց հանդեպ կազմակերպված նոր հարձակում։
Այսօր ոստիկանությունը մտել է Արմնյուզ եւ TV 5 հեռուստաընկերությունների խմբագրություն եւ հաղորդավարների դիմակ չկրելու առիթով վարչական վարույթ է հարուցել։ Ընդ որում, պարզվել է, որ հեռուստատեսության ոլորտը կարգավորող մարմինը՝ ՀՌՀ-ն նշել էր, որ եթերում դիմակ կրելը պարտադիր չէ։ Այսինքն`բարձր իշխանությունների կողմից ՀՌՀ-ը կրկին դիտարկվում է որպես հեռուստաընկերություններին պատժող ու փակող մարմին, իսկ նրա տված այլ կարգավորումների ու բացատրությունների իրավունքը բարձր իշխանությունը չի ընդունում։
Ակնհայտ է նաեւ, որ համաճարակը եւ դրանից անկախ երկրում ստեղծված իրավական ու կառավարչական քաոսը ձեռնտու է իշխանություններին, քանի որ նրանք ամեն պատժամիջոց կարող են արդարացնել իրար հակասող այն մեկնաբանությամբ, որն իրենց առավել սիրելի է այդ պահին։ Երբ վարակակիր ԱԺ պատգամավորները ակնհայտ քրեական հանցանք են գործում եւ մասնակցում են խորհրդարանի նիստերին, երբ իշխանությունները չեն կարողանում տեր կանգնել ոչ միայն մեր կյանքերին, այլ անգամ մեր դիակներին, անդիմակ հաղորդավարներին տուգանելը երեսպաշտություն էլ չէ, այլ ուղղորդված հանցագործ արշավ մեդայի դեմ։
Իհարկե, դժվար է ապրել մի երկրում, որտեղ չկան խաղի կանոններ, որտեղ իշխանություններն իրենց ամեն գործողության համար կարող են մի բան բստրել։ Առավել դժվար է, երբ այդ հորինավածքներով փորձում են պայքարել լրատվամիջոցների դեմ, որոնք առավել տեսանելի են հասարակության համար, եւ այդ պատժամիջոցները հասարակության շրջանում բազմապատիկ էֆեկտ են թողնում։
Մինչ այժմ մեդիան իր իրավունքները պաշտպանել է, ոչ թե պետության շնորհիվ, այլ ի հեճուկս պետության, լրատվամիջոցների միասնականությամբ եւ հանրային օժանդակությամբ։ Կոչ ենք անում շարունակել եւ ամրապնդել այս միասնականությունը, միայն դրանով կհաղթահարենք այս ճգնաժամը։
Հ․Գ․ Ցավալի էր կարդալ ՀՌՀ ղեկավարի բացատրությունը, որը դժգոհում է լրատվամիջոցներից նրա համար, որ իրեն լուրջ են ընդունել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը