02 08 2024

«5-րդ ալիք» հեռուստաընկերությունը՝ Խաչատուր Սուքիասյանի դեմ դատական հայցի մասին

«5-րդ ալիք» հեռուստաընկերությունը՝ Խաչատուր Սուքիասյանի դեմ դատական հայցի մասին

«5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել.

«Ուշացած արդարադատությունը հավասար է մերժված արդարադատության

2022 թվականի նոյեմբերին 5-րդ ալիք հեռուստաընկերության կողմից հայց է ներկայացվել Դատարան՝ ընդդեմ ԱԺ ՔՊ-ական պատգամոր Խ․Սուքիասյանի, ով հեռուստաընկերության գործարար համբավն արատավորող, զրպարտչական արտահայտություններ էր արել։

Խ․ Սուքիասյանը հրապարակայնորեն տեսախցիկների և մի շարք լրագրողների առջև 5-րդ ալիքի լրագրողին ասել էր, թե 5-րդ ալիքը, որը, ի դեպ, ՀՌԱՀ-ի կողմից հեղինակազորված լրատվական է, հեռուստաընկերություն կոչվելու իրավունք չունի։ Պատգամավորի՝ որևէ փաստով չհիմնավորված, այս արտահայտությունները ակնհայտորեն դուրս են Սահմանադրությամբ և միջազգային կոնվեցիաներով երաշխավորված անձի պատվի և բարի համբավի անձեռնխելիության իրավունքի սահմաններից։

Պատգամավորի զրպարտչական արտահայտությունները հերքելու պահանջով 5-րդ ալիքի կողմից հայց էր ներկայացվել առաջին ատյանի դատարան, որը  շուրջ 9 ամիս տևած դատաքննությունից հետո մերժել էր հայցը այն պատճառաբանությամբ, թե իբրև չի ապացուցվել, որ 5-րդ ալիքը և ալիքի իրավաբանական անունը, այն է՝ «Շարկ» ՍՊԸ-ն, նույնական են։

Վճիռը հեռուստաընկերության կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան, մակագրվել դատական կազմի, այնուհետև դատավորը՝ սեփական նախաձեռնությամբ ինքնաբացարկ է հայտնել՝ կապված դատավորի անաչառությունը կասկած հարուցող փաստով, այն է՝ իր և Խ․ Սուքիասյանի միջև ազգակցական հարաբերությունների  առկայությամբ, ինչից հետո գործը վերաբաշխվել է նոր դատական կազմի և շուրջ 7 ամիս քննված վերաքննիչ բողոքը մերժվել է վերաքննիչ դատարանի կողմից․ այս անգամ ոչ թե առաջին ատյանի դատարանի բերած այն հիմքով,  թե իբրև հաստատված չէ Շարկ ՍՊԸ-ի և 5-րդ ալիքի նույնական լինելու հանգամանքը, այլ հենց Խ․ Սուքիասյանի ներկայացուցչի բերած հիմնավորմամբ, թե Խ․ Սուքիասյանը մտադրություն չի ունեցել զրպարտելու 5-րդ ալիքին։ Արդյունքում, վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան, միևնույն ժամանակ ներկայացվել է միջնորդություն բողոքաբերին վճռաբեկ բողոք բերելու համար նախատեսված պետական տուրքի վճարման արտոնություն տրամադրելու վերաբերյալ՝ կապված պետական տուրքերի արժեքների շեշտակի բարձրացման հետ (նման մոտեցումը ԶԼՄ-ների դեպքում միջազգային փորձում տարածված է)։ Ինչի կապակցությամբ 2024 թվականի հուլիսի 16-ին ստացվել է վճռաբեկ դատարանի որոշումը՝ բողոքաբերին պետական տուրքի վճարման արտոնություն տրամադրելու միջնորդությունը մերժելու մասին։

Փաստորեն, տվյալ դեպքում ՀՀ-ում արդարադատություն իրականացնող միակ մարմինը՝ դատարանը, 2022 թվականին ծագած ակնհայտ վեճի վերաբերյալ 2024 թվականի հուլիսին դեռևս պետական տուրքի վճարման հիմքով անձի՝ դատարանի մատչելիության իրավունքն է սահմանափակում։ Հատկանշական է, որ եթե այս վեճի վերաբերյալ 2022 թվականից սկսած իրավամբ արդար դատաքննություն իրականացվեր, այժմ ՀՀ-ում չէր արձանագրվի պատգամավորների կողմից՝ այդ թվում նաև նույն Խ․Սուքիասյանի, լրագրողներին թիրախավորելու միջոցով հասցեական կամ անհասցե անձանց պատվի և բարի համբավի անձեռնմխելիությունը ոտնահարելու ամենաթող մշակույթ։

Ներպետական ատյանների՝ արդարադատություն իրականացնելուց խուսափելու պայմաններում Հեռուստաընկերությունը արդար դատաքննության իրավունքի պաշտպանության նպատակով կարող էր դիմում ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, սակայն 5-րդ ալիք հեռուստաընկերության գործունեության նպատակներին, 5-րդ ալիքի առաքելությանը դեմ է ՀՀ-ի դեմ միջազգային ատյան գանգատ ներկայացնելը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ