Նաիրի ինշուրանս ընկերությունը պարզաբանում է տարածել.
Անհարկի շահարկումներից խուսափելու համար «Նաիրի Ինշուրանսը» հարկ է համարում պարզաբանել «Ժամանակ» թերթի` «Քոչարյաններին պատկանող «Նաիրի Ինշուրանսը» դատի է տվել ՊԵԿ-ին» վերնագրով հոդվածը: Մասնավորապես, հոդվածում նշվում է, թե անցած տարի ՊԵԿ-ը «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության վերաբերյալ մոտ 1 միլիարդ դրամի ակտ էր կազմել, սակայն այն չէր բողոքարկվում մինչև վերջին պահը։ «Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը թերևս ոգևորել է Քոչարյան ընտանիքին, լրացուցիչ վստահություն է տվել, և նրանք անցել են հակահարձակման», - գրում է թերթը:
Այս առնչությամբ հարկ ենք համարում պարզաբանել. Այո, ՊԵԿ-ը ընկերության վերաբերյալ 1 մլրդ դրամի ապօրինի ակտ է կազմել: Այն բողոքարկելու որոշումը ընկերությունը դեռ նախորդ տարի է կայացրել: Բողոքարկման դիմումը ներկայացնելիս «Նաիրի Ինշուրանսի» իրավաբանական թիմը հետևել է համապատասխան ընթացակարգերին` պահպանելով բոլոր ժամկետները: Բողոքարկման դիմումը ներկայացվել է ոչ թե «վերջին օրվա վերջին րոպեներին», ինչպես պնդում է թերթը, այլ` վերջնաժամկետից շուտ։
Սա զուտ դատաիրավական ընթացակարգային գործընթաց է` համապատասխան ժամկետներով և քայլերով: Հերթական անգամ փորձ է արվում «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության գործունեությունը կապել քաղաքական գործընթացների հետ և/կամ դրան քաղաքական «աստառ տալ»: Հորդորում ենք ԶԼՄ-ներին բազմակողմանի և ամբողջական ուսումնասիրել լուսաբանվող թեմաներն ու զերծ մնալ չճշտված, ոչ լիարժեք և հանրության շրջանում թյուրըմբռնում առաջացնող տեղեկություններ հրապարակելուց:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը