«Հրապարակ» օրաթերթի դեմ երկու դատական հայցերը ավարտվել են հայցվորների պարտությամբ։ Առաջին գործով պարտություն է կրել ԼԳԲՏ համայնքին սատարող Աշոտ Մկրտչի Գեւորգյանը, որը տրանգենդեր կին Լիլիթ Մարտիրոսյանի՝ ԱԺ ելույթից հետո, առաջարկել էր «այրել», «մոռթել», «վտարել» ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին։ Հրապարակ օրաթերթի հոդվածում ԼԳԲՏ պաշտպանն իրեն ուղղված վիրավորանք և զրպարտություն էր տեսել, մինչդեռ դատարանը որոշել է, որ նման բան չկա։
Երկրորդ գործով պարտություն է կրել ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը դատական վեճի մեջ է 14.03.2019թ․ «Ով է իրականում Անդրանիկ Քոչարյանը» հոդվածի համար, որում հիշել են Քոչարյանի՝ Գյումրիում աշխատելու տարիները, և որի հեղինակը գյումրեցի լրագրող Հասմիկ Մելքոնյանն է։ Դատարանը համարել է, որ «Հրապարակ» օրաթերթն այս պարագայում «հղում է կատարել տեղեկատվության աղբյուրին՝ հեղինակին՝ Հասմիկ Մելքոնյանին, որպիսի հանգամանքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի 6-րդ մասի իմաստով հանդիսանում է վիրավորանքի կամ զրպարտության համար պատասխանատվությունից ազատելու հիմք», ուստի «Հրապարակ» օրաթերթ ՍՊ ընկերության դեմ ներկայացված հայցն անհիմն է և ենթակա մերժման, որպիսի պարագայում այլեւս առարկայազուրկ է հրապարակված հոդվածում տեղ գտած արտահայտությունների վիրավորական եւ զրպարտչական բնույթի եւ ապացուցման առարկայի մեջ ներառված մյուս փաստերի գնահատումը»:
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը շնորհավորում է «Հրապարակ»-ի խմբագրակազմին հաղթանակների առթիվ։ Ազատ մամուլը և ազատ խոսքը շարունակելու են գոյություն ունենալ և հասարակությանը հասցնել ճշմարտությանը, քանի դեռ լրատվականները չեն ընկրկում նմանատիպ հարձակումների դեմ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը