Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը հնարավորություններ չունի անցկացնելու Հայաստանում գործող բոլոր հեռուստաընկերությունների մշտական մոնիթորինգ: Այս մասին հունիսի 17-ին Ազգային ժողովի նիստում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:
Հակոբյանի խոսքով՝ իրենք դրա համար չունեն ո՛չ տեխնիկական հնարավորություններ, ո՛չ կադրեր: ՀՌԱՀ նախագահը նշեց, որ եթե քաղաքացիներն, օրինակ, գրանցում են հեռուստատեսությունում բռնության քարոզչություն կամ ցուցադրվում են չափազանց դաժան տեսարաններ, ապա նրանք, կատարելով իրենց քաղաքացիական կամ բարոյական պարտքը, պարտավոր են համապատասխան բողոքով իրենց դիմել: «Մենք ամսվա ընթացքում միայն 5 օր ենք մշտադիտարկում յուրաքանչյուր հեռուստաընկերության գործունեությունը: Դա ամրագրված է նաեւ օրենքով, ինչպես նաեւ բացատրվում է մեր տեխնիկական եւ մարդկային ռեսուրսներով»,- նշեց Հակոբյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը