«Ուզում եմ ցույց տալ մեր համաքաղաքացիներին ու մեր բոլոր հայրենակիցներին Սեւան քաղաքում իմ բարձրացրած հիմնահարցերի պատասխանը․ այս գիշեր՝ լուսադեմին, հրկիզեցին իմ ավտոմեքենան։ 

Որ ասում եմ բռնապետական քաղաքում ենք ապրում, որ հանդիմանում են մարդկանց Ֆեյսբուքում հայտնած կարծիքի համար․․․ Խնդրեմ՝ վառ ապացույցը։ Ուզում եմ հասկանանք ում հետ գործ ունենք եւ ինչի ենք հասնելու մեր լռությամբ։ Իմ խորին համոզմամբ, քանի որ ոչ մի անձի հետ խնդիրներ չունեմ, թշնամանք չունեմ որեւէ մեկի հետ, իմ նախագծի հետ կապված, որ ընթացք չէր ստացել, այս կերպ ստացա քաղաքապետին իմ հարցերի պատասխանը։ Շոկի մեջ ենք ամբողջ ընտանիքով, բոլորը, այդ թվում երեխաները, վախեցած են։ Սա այսօրվա մեր Սեւանի իրողությունն է», ասել է Արտակ Տեր-Գրիգորյանը եւ խնդրել տարածել իր տեսաուղերձը, որպեսզի, եթե խնդիրների համար բարձրաձայնի՝ չբախի այսպիսի արձագանքի, որն ինքն է ստացել։

Օգտատերը պատմել է, որ նախորդ տեսաուղերձում է պատմել խնդիրների մասին եւ իրեն թվացել է, թե դրանով որոշ հարցերի լուծումներ կուղենշվեն, սակայն, ըստ նրա, պարզվել է, որ ամեն ինչ նոր է սկսվում։

«Անկեղծ ասած ստրեսային վիճակ է։ Կոչ եմ անում տարածել, որպեսզի հասնի պատկան մարմիններին, հատկապես վարչապետին, որպեսզի մարդիկ իմանան Սեւանում տիրող պատկերի մասին։ Պարոն վարչապետ, ես ձեզ խնդրում եմ, հնարավորին ամեն ինչ անեք, որպեսզի ձեր արձագանքը ստանամ, հասկանում եմ, որ վիճակը բարդ է, բայց այստեղ էլ վիճակը հեշտ չէ։ Սա մեր լռության արդյունքն է։ Որեւէ մեկն էլ, եթե ձայն է բարձրացնում, արժանանում է նման պատասխանի։ Նման իրողության մեջ ապրելն անհնար է, առողջ քննարկում ունենալն անհնար է։ Սա սարսափելի է հեղափոխական Սեւանի համար»։

Նախորդ տեսաուղերձում Արտակ Տեր-Գրիգորյանը պատմել էր, որ բարձրացրել է մի շարք խնդիրներ, նախ Սեւանի քաղաքապետի, ապա նաեւ Գեղարքունիքի մարզպետի մոտ, մասնավորապես հետիոտնային անցումի հարցը, որի պատճառով դժբախտ դեպքերը հաճախակի են, սակայն ապարդյուն։