13 06 2020

Արցախում մինչև 250 դրամ շուկայական միջին արժեք ունեցող դիմակը կվաճառվի 100 դրամով․ Տեղեկատվական շտաբ

Արցախում մինչև 250 դրամ շուկայական միջին արժեք ունեցող դիմակը կվաճառվի 100 դրամով․ Տեղեկատվական շտաբ

Ինչպես գիտեք, հունիսի 15-ից պարետի որոշմամբ դիմակ կրելը պարտադիր է փակ տարածքներում` բացառությամբ բնակելի տարածքից և հանրային սննդի օբյեկտներից (վերջին բացառությունը վերաբերում է միայն հաճախորդներին), թաղման միջոցառումների ժամանակ, կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում: Այս մասին գրում է Տեղեկատվական շտաբը։

 

«Հաշվի առնելով, որ կորոնավիրուսից պաշտպանվելու այս գլխավոր միջոցը ձեռքբերելը մեր շատ համերկրացիների շրջանում հնարավոր է՝ որոշ դժվարություններ առաջացնի, Արցախի Հանրապետության Պարետատունը, կորոնավիրուսի դեմ կանխարգելիչ գործողությունների շրջանակներում, նախաձեռնել է պաշտպանիչ դիմակների ձեռքբերման, պահեստավորման և այն մատչելի գնով քաղաքացիներին տրամադրելու գործընթաց:

Մասնավորապես, ձեռքբերվող դիմակների գնի սուբսիդավորման արդյունքում՝ շուկայում վաճառվող մինչև 250 դրամ շուկայական միջին արժեք ունեցող դիմակը մեր համերկրացիներին առաջարկվում է 100 դրամով:

Հավելենք, որ դիմակները բժշկական են և եռաշերտ, բարձր որակի՝ հապատասխան բժշկական ստանդարտներին:

Պաշտպանիչ դիմակները կարելի է ձեռքբերել փոստային կապի ազգային օպերատորի՝ «Արցախփոստ» ընկերության բաժանմունքներից, հենակետերից և շրջանային մասնաճյուղերից:

 

Չարաշահումներ չթույլատրելու համար յուրաքանչյուր քաղաքացու միաժամանակ կվաճառվի ոչ ավել, քան 50 դիմակ (1 տուփ):

Տեղեկացնենք նաև, որ այս պահին հանրապետությունում պահեստավորված է անհրաժեշտ քանակության դիմակ և ախտահանիչ նյութեր:

Եղեք առողջ և իրազեկ

Շնորհակալություն Պարետի որոշումներին և ցուցումների հետևելու համար»,- ասված է գրառման մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ