Արդեն մի քանի ամիս է Երևանում թափառող շները ոչ միայն անասելի շատացել են, այլև սարսափելի ագրեսիվ են դարձել։ Այս մասին այսօր՝ հունիսի 9–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ դիմելով ԱԺ բոլոր պատգամավորներին։ Նա նշել է.
«Շաքարով կտրեմ ձեր կոմպրոմատային պատերազմները:
Դիմում եմ ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորներին:
Հարգելի ազգընտիրներ
Արդեն մի քանի ամիս է Երևանում թափառող շները ոչ միայն անասելի շատացել են, այլև սարսափելի ագրեսիվ են դարձել: Բանը հասել է նրան, որ օրը ցերեկով չենք կարողանում բակ մտնել, իսկ գիշերները` քնել հնարավոր չէ: Դիմում եմ ձեզ, ոչ թե քաղաքապետարանին, որովհետև ձեր ընդունած օրենքից հետո, քաղաքապետարանի ՀՕԱԿ-ն իրավունք չունի շներին քնեցնել: Նրանք պարտավոր են միայն ստերջացնել: Ասեմ ձեզ, որ, երբ շունը սոված է, կապ չունի նա ստերջացրած է թե ոչ: ՍՈՎԱԾ ՇՈՒՆԸ ՄԻՇՏ ԱԳՐԵՍԻՎ Է և թքած ունի ձեր օրենքների և անիմաստ «կենդանասերների» այն հավաստիացումների վրա, որ ստերջացված կենդանին ագրեսիվ չի լինում: Խնդրում և պահանջում եմ շտապ լուծում տալ այս խնդրին, այլապես հետագա դեպքերի ողջ պատասխանատվությունն դուք եք կրելու: Գիտեմ, որ նման դեպքեր վերջին օրերին արդեն շատ են գրանցվել: Գիտեմ նաև, որ քաղաքապետարանը պատրաստ է ցիվիլ երկրների բոլոր կանոններին համապատասխան լուծել այս խնդիրը: Հարգանքով Երևանի բնակիչ` Կարեն Քոչարյան»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը