Ընդդիմության խնդրանքով հրավիրված Թուրքիայի խորհրդարանի արտահերթ նիստում խմբակային ծեծկռտուք է տեղի ունեցել՝ կապված իրենց գործընկեր Ջան Աթալայի մանդատից զրկելու հարցի հետ։ Նիստն ընդհատվել է երեք անգամ, և իրավիճակին ստիպված է եղել միջամտել Մեջլիսի խոսնակ Նուման Քուրթուլմուշը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հաղորդում է NTV հեռուստաալիքը։
Ծեծկռտուքը սկսվել է ամբիոնից Թուրքիայի Աշխատավորական կուսակցության (ԹԱԿ) պատգամավոր Ահմեդ Իշըքի ելույթի ժամանակ, ով անխիղճ է անվանել բոլոր նրանց, ովքեր որոշել են Աթալային զրկել մանդատից։ Ընդդիմության և իշխող «Արդարության և զարգացում» կուսակցության պատգամավորները կռվել են մոտ 25 րոպե։ Ինչպես հայտնում է NTV-ն, մի քանի մարդ ծանր վնասվածքներ է ստացել։ Ընդմիջումների ժամանակ խորհրդարանի աշխատակիցները մաքրում էին արյան հետքերը ամբիոնի մոտ, որտեղ խորհրդարանականները հաշիվ էին պարզել:
Իրավապաշտպան Ջան Աթալայը 2022 թվականին դատապարտվել է 18 տարվա ազատազրկման՝ 2013 թվականին Ստամբուլի Գեզի այգում հակակառավարական ցույցերին մասնակցելու համար։ 2023 թվականի մայիսին նա պատգամավոր է ընտրվել RPT-ի ցուցակով։
2023 թվականի հոկտեմբերին Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշեց ազատ արձակել Աթալային, սակայն Գերագույն վերաքննիչ դատարանը այս որոշումը համարեց օրենքի խախտում։ Անցյալ տարվա դեկտեմբերին Սահմանադրական դատարանը կրկին պահանջեց ազատ արձակել ընդդիմադիրին՝ նշելով, որ խախտվել է Աթալայի՝ ընտրվելու և քաղաքական գործունեությամբ զբաղվելու սահմանադրական իրավունքը։ Սակայն 2024 թվականի հունվարին խորհրդարանը նրան զրկեց պատգամավորական կարգավիճակից՝ հիմնվելով վերաքննիչ դատարանի վճռի վրա։ Ընդդիմությունն այս որոշումը որակեց սահմանադրության կոպիտ խախտում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը