Վրաստանը հուլիսի 1-ից կսկսի զբոսաշրջիկներ ընդունել հիմնականում այն երկրներից, որտեղ կորոնավիրուսի տարածվածության մակարդակը ցածր է` համաձայն Վրաստանի առողջապահության նախարարության կարգադրությունների: Այս մասին տեղեկացնում է kvira.ge կայքը` հղում տալով Վրաստանի հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեին:
Նա հայտարարել է, որ Վրաստանում անհանգստությամբ են հետևում հարևան երկրներում`Հայաստանում, Ռուսաստանում, Թուրքիայում և Ադրբեջանում կորոնավիրուսային իրավիճակին:
Գամկրելիձեն նշել է, որ զբոսաշրջիկներին ներկայացվող պահանջները դժվարկատարելի չեն, առաջին հերթին դա վերաբերում է կորոնավիրուսի առկայությունը ժխտող փաստաթղթերին:
«Ամենայն հավանականությամբ զբոսաշրջիկների համար կստեղծվի, այսպես կոչված, COVID-19 անձնագիր, որը կհաստատի, որ զբոսաշրջիկը վերջին 72 ժամվա ընթացքում լաբորատոր թեստավորում է անցել, որի պատասխանը բացասական է»,-նշել է Գամկրելիձեն:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը