20 05 2020

Մնում է վրացիները մեզ ձերբակալեն, որ ՀՀ-ում հիշեն մեր մասին. իրավիճակը՝ Լարսում․ News.am



News.am-ը գրում է․ «Ցամաքային ճանապարհով՝ Վերին Լարսի անցակետով Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների թիվը հասել է 42–ի։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Վլադիկովկազի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գևորգ քահանա Տերտերյանը՝ նշելով, որ քաղաքացիների թվում կանայք և երեխաներ կան, որոնց վիճակը օր օրի վատթարանում է։ Նրա խոսքով՝  հայկական եկեղեցին, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներն անում են հնարավորը՝ սահմանին մնացած քաղաքացիների սննդի և կեցության հարցը հոգալու համար։ Տեր Գևորգը նշեց, որ քաղաքացիներն անգամ ստիպված են եղել անվադողեր վառել, որպեսզի տաքանան։ 

 «Գիշերը ոչ բոլորը կարող են տեղավորվել մեքենայում և քնել, իսկ դրսում բավականին ցուրտ է։ Անվադողեր էին վառում, որոնց ծուխը համ առողջությանն է վնաս, համ էլ մուրն է տհաճ, մենք եկեղեցում չոր փայտ ունեինք՝ երեկ երեկոյան տրամադրեցինք իրենց, իսկ այսօր էլ եկեղեցուց 40 լիտրանոց մեծ կաթսա ենք տարել, որպեսզի մարդիկ գոնե կարողանան կերակուր պատրաստել»,–ասաց Տեր Գևորգը։

Լարսում մնացած քաղաքացիներն իրենց հերթին NEWS.am–ին հայտնեցին, որ Վլադիկավկազի հայ գործարարներն աջակցում են իրենց սննդով և այլ կենցաղային հարցերով, մինչդեռ իրենց հիմնական խնդիրը՝ Հայաստան վերադառնալը, մնում է չլուծված։ Նշենք, որ Վրաստանում մարտից կորոնավիրուսի համավարակի հետ կապված` արտասահմանցիների մուտքն արգելված է, մինչդեռ Լարսում մնացած ՀՀ քաղաքացիների պնդմամբ՝ թե՛ ռուսական և թե՛ վրացական կողմը պատրաստակամություն են հայտնել միջանցք բացել և թույլատրել իրենց տեղափոխումը, եթե Հայաստանի իշխանությունները ապահովեն նրանց տեղափոխումը։

«Օրեր առաջ Ռուսաստանի անվտանգության ծառայության աշխատակիցները եկան և հավաքագրեցին մեր տվյալները։ Իրենց ներկայացուցիչն ասաց, որ իրենք կարող են մինչև Վրաստան մեզ ուղեկցել, սակայն վրացական կողմը հայտնել է, որ Հայաստանն իր քաղաքացիների վերադարձն ապահովելու պահանջ չի ներկայացրել, պետք է Հայաստանից գան և ուղեկցեն մեզ»,–ասաց քաղաքացիներից մեկը։

«Մնացել է վրացական բեռնատարների ճանապարհը փակենք,  դիտավորյալ պրոբլեմներ ստեղծենք, մեզ տանեն՝ ձերբակալեն, որ նոր իշխանությունները զբաղվեն մեր հարցով»,–հայտարարեց մեկ այլ քաղաքացի։ Ի դեպ՝ մեր հայրենակիցները չցանկացան, որ իրենց անունները հրապարակվեն՝ պատճառաբանելով, որ ամեն անգամ, երբ լրատվամիջոցներով ներկայացնում են խնդիրները, դեսպանությունից գալիս և կոնկրետ անձի մեղադրում են իրավիճակը սրելու մեջ։

Խնդրի առնչությամբ NEWS.am–ը կապ հաստատեց նաև ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանի հետ։ Վերջինիս խոսքով, թեև ինքը զբաղվում է բացառապես մաքսային ոլորտին առնչվող խնդիրներով, այնուամենայնիվ, խնդրի առնչությամբ մշտական կապի մեջ է ՌԴ–ում ՀՀ դեսպանության, Դոնի Ռոստովի ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանի, ինչպես նաև Տեր Գևորգ քահանա Տերտերյանի հետ։

«Պետական դիրքորոշումն արդեն հայտնի է. մեր ԱԳՆ–ն բազմիցս հորդորել է մեր քաղաքացիներին Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար օգտվել բացառապես օդային ուղիներից, բացի այդ  Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից որպես լուծման տարբերակ առաջարկվել է կազմակերպել ՀՀ քաղաքացիների վերադարձն առաջիկայում կայանալիք Սոչի-Երևան, Կրասնոդար-Երևան թռիչքներով՝ միաժամանակ հոգալով ինչպես կանանց և երեխաների ճանապարհածախսը, այնպես էլ՝ ՀՀ քաղաքացիներին պատկանող ավտոմեքենաները հատուկ հատկացված կայանատեղիներում պահելու հարցերը, սակայն մեր քաղաքացիները հրաժարվել են»,–ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ իրենք արել են հնարավորը խնդիրը լուծելու համար։

«Եթե մարդիկ որոշել են մնալ այնքան, մինչև սահմանը բացվի, ապա մենք որևէ միջամտություն անել չենք կարող»,–ասաց Արամ Թանանյանը։

Հիշեցնենք, որ նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված Հայաստանում մարտի 16–ից սահմանվել է արտակարգ դրության իրավական ռեժիմ, որը երկարաձգվել է երկու անգամ։  Այս ժամանակահատվածում արտերկրում հայտնված ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան իրականացվում է բացառապես պարետատան և ՀՀ ԱԳՆ համակարգմամբ՝ ըստ մշակված ժամանակացույցի ու գործողությունների ծրագրի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ