18 05 2020

Կանոնների խախտման դեպքում երթուղայինները կտուգանվեն․ Մարության

Կանոնների խախտման դեպքում երթուղայինները կտուգանվեն․ Մարության

Մայիսի 18-ից Երևանի հանրային տրանսպորտը վերսկսում է աշխատանքը հատուկ ռեժիմով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Տեղյակ եք, որ ՀՀ պարետի որոշմամբ, տրանսպորտի աշխատանքի համար գործելու են հատուկ կանոններ՝ նվազեցնելու վարակի ռիսկը:

-Մասնավորապես, տրանսպորտային միջոցում ՊԱՐՏԱԴԻՐ պետք է գտնվել դիմակով: Արգելվում է նաեւ վերգետնյա տրանսպորտում կանգնած ուղեւորներ տեղափոխելը՝ բացառությամբ տրոլեյբուսների։

Կանոնների խախտման դեպքում ոստիկանները կարող են կանգնեցնել հանրային տրանսպորտի միջոցը, իջեցնել ուղեւորներին եւ մեքենան տեղափոխել տուգանային հրապարակ, որտեղ տուգանքի կենթարկվի վարորդը եւ/կամ ուղեւորափոխադրող ընկերությունը:

Վարորդները հրահանգ ունեն՝ կանոններին չհետեւող ուղեւորների առկայության դեպքում ընդհատել մեքենայի ընթացքը՝ մինչեւ խախտման վերացումը:

Վստահ եմ, որ երեւանցիները կդրսեւորեն սոցիալական բարձր պատասխանատվոթյուն, խստորեն կհետեւեն սահմանված կանոններին՝ քաղաքային երթեւեկության մեջ լրացուցիչ բարդություններ չստեղծելու համար:

Խնդրում եմ, ներողամիտ լինել ժամանակավոր անհարմարությունների համար՝ այն գիտակցությամբ, որ այս միջոցառումներն արվում են հանուն հանրային առողջության ու անվտանգության պահպանման:

Առո՛ղջ եղեք»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ