15 05 2020

Մանկապարտեզներում ակնկալվում է 30 տոկոսի՝ շուրջ 11 հազար, հաճախելիություն

Մանկապարտեզներում ակնկալվում է 30 տոկոսի՝ շուրջ 11 հազար, հաճախելիություն

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանի ղեկավարների մասնակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։

Մասնավորապես, քննարկվել է հաջորդ շաբաթ համայնքային ենթակայության մանկապարտեզները վերաբացելու, եւ դրա հետ կապված, որոշակի կանոնների եւ սահմանափակումների հարցը: Որոշվել է՝ պատշաճ նախապատրաստվելու նպատակով, մանկապարտեզների աշխատանքները վերսկսել մայիսի 20-ից։

Քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը նշել է, որ պետք է ամեն օր պարտադիր ախտահանել մանկապարտեզների տարածքը՝ ընդհանուր 305 հազար քմ: Քաղաքապետարանը մանկապարտեզների 4000 աշխատակցի համար ձեռք կբերի 160 000 դիմակ եւ 4000 լիտր ալկոգել, 160 հեռահար ջերմաչափ: Վարչական շրջանների ղեկավարների հարցումների արդյունքում ակնկալվում է մանկապարտեզներում գրանցված երեխաների 30 տոկոսի (շուրջ 11 հազար) հաճախելիություն։ Քաղաքապետը հորդորել է՝ մանկապարտեզ բերել միայն այն երեխաներին, որոնց ծնողները աշխատանքի բերումով դրա անհրաժեշտությունն ունեն: Այնուհանդերձ, որեւէ հրամայական արգելք հաճախման համար չկա, բացառությամբ ջերմող երեխաների: Ամեն օր առավոտյան մուտքի մոտ երեխաները կջերմաչափվեն: Հարցումները ցույց են տվել, որ բարձր ռիսկային խմբում են գտնվում մանկապարտեզների աշխատակիցների 18-20 տոկոսը: Նրանք կարող են չներկայանալ աշխատանքի: Համապատասխան տեղեկանք ներկայացնելու դեպքում նրանք կվճարվեն սովորականի նման: Քաղաքապետի հանձնարարությամբ, հատուկ նորմեր են ներկայացվում մատակարարներին՝ սննդի ընդումնան պայմանների վերաբերյալ։ Գծանշումներ կարվեն մանկապարտեզների մուտքերի մոտ՝ մուտք գործելիս սոցիալական հեռավորությունը պահպանելու նպատակով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ