Ճանապարհային ոստիկանությունն այսուհետ կիրականացնի ծածուկ ծառայություն, որը ենթադրում է գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների և տարբերիչ նշանների ավտոմոբիլներով հսկողություն։ Սա բուռն քննարկումներ է առաջացրել վարորդներ շրջանում։
Yerevan.Today-ի հետ զրույցում Ավտովարորդների պաշտպանության լիգայի փոխնախագահ Պողոս Օղլուկյանը նշեց, որ հիմա նման որոշումը տեղին չէ․ «Հիմա հեչ համապատասխան որոշումներ չեն ընդունում։ Ընդհանուր առմամբ խոսակցությունը գնում է Երևան քաղաքի համար, մնացած քաղաքներում տասնյակ ընդամենը ճանապարհային տեսուչներ են, որոնք ամբողջ փոքր քաղաքի բնակչությանն էլ անգիր ճանաչում են։ Խոսքը Երևան քաղաքի մասին է և իմաստ չուներ, որովհետև մեր 95 տոկոս փողոցներում հերթապահում են ՃՈ մեքենաները, գումարած դրան համարյա թե բոլոր խաչմերուկներում դրված են կամերաներ, որտեղ որ կամերա չկա, ուրեմն այդտեղ կա արագաչափ»։
Օղլուկյանի համար անհասկանալի է, թե ծածուկ ծառայությունն ինչի համար է։
«Մարդկանց ասում էին՝ ում տեսնում եք խախտում է անում նկարեք։ Ես ոնց հասկանում եմ՝ մենք կալանավորի վիճակում ենք հայտնվում։ Առավոտից երեկո ոչ թե մտածում են իրավիճակը ուղղելու, որի տարբերակները շատ են, այլ մտածում են, ամեն մեկն ինչ-որ մի խելացի բան է ուզում ասի, վեր են կենում, ասում են՝ շեֆ ջան այ սենց նոր բան ենք ուզում անենք, գիտենք ինչ լավ կլինի, բերենք ժողովրդին տուգանենք։ Առավոտից երեկո նրանց ուշադրությունը դրա վրա է»,- ասաց Օղլուկյանը։
Նա անդրադռանալով վարչապետի 2 տարի առաջ արված հայտարարությանը, թե քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, նշեց․ «Պարոն վարչապետը շատ բաներ է ասել, որոնք առ այսօր չեն կատարվում։ Լավ, ազնիվ մղումներ ունի, բան չունեմ ասելու, բայց ես երկու տարի է տեսնում եմ, որ այն ինչն ինքն ասում էր, լրիվ հակառակ ուղղությամբ են անում։ Այս օրենք գրողները 50 կմ մեքենա չեն քշել քաղաքում։ Մեր երկրում մնում է գան գիշերը ծածուկ մեր պատուհանի տակ տեսնեն՝ տանն ինչ ենք անում։ Չի կարելի այդպես, 21-րդ դարն է, անհարմար է։ Եղած էկիպաժները քիչ էին, հիմա էլ ծածուկ են մարդկանց ուզում վերահսկել։ Ես չեմ հասկանում այդ ծածուկ մեքնաները գնելու փոխարեն ավելի լավ կլիներ Ճանապարհային նշանները դնեն, 4-5 հազար պակաս նշաններ կան։ Չեմ հասկանում, թե վարչապետն ինչի մասին է մտածում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը