ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթում քննված քրեական գործով վերականգնվել է 33.600.000 ՀՀ դրամ` որպես պետությանը պատճառված վնաս: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող, Երևան քաղաքի Մոլդովական փողոցի 47/7 հասցեում գտնվող հողատարածքի օտարման գործընթացում ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ 20.09.2018թ. ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ հողատարածքի օտարման գործընթացն իրականացվել է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:
Պարզվել է նաև, որ օտարումից առաջ կատարված շուկայական գնահատման արդյունքում տրվել է ոչ հիմնավոր եզրակացություն, որի հիման վրա՝ հողատարածքը ՀՀ ՊՆ-ի կողմից օտարվել է շուկայականից ցածր՝ 38.000.000 ՀՀ դրամ արժեքով, որի հետևանքով պետությանը պատճառվել է 33.600.000 ՀՀ դրամի վնաս:
Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
Նախաքննության ընթացքում չեն հիմնավորվել ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձանց և հողատարածքի շուկայական գնահատումն իրականացրած ՍՊ ընկերության տնօրենի կողմից նախնական համաձայնության գալու և դիտավորությամբ հողատարածքը շուկայականից ցածր գնահատելու հանգամանքները, ուստի որոշումներ են կայացվել՝ ՀՀ ՊՆ համապատասխան պաշտոնատար անձանց և գնահատումն իրականացրած ՍՊ ընկերության տնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը