29 04 2020

Արարատի մարզպետը զբաղված է մարզում բանսարկություններ ու զրպարտանքներ տարածելով․ Ավշարի համայնքապետ

Արարատի մարզպետը զբաղված է մարզում բանսարկություններ ու զրպարտանքներ տարածելով․ Ավշարի համայնքապետ

Արարատի մարզի Ավշար համայնքի ղեկավարը համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանության փոփոխությունից հետո, Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրեց մի անձնավորություն, ով չի տիրապետում, թե ի՞նչ գործառույթներ պետք է իրականացնի ի պաշտոնե: Հայտարարույթյուն ամբողջությամբ՝ ստորև․

«Հայաստանի Հանրապետությունում իշխանության փոփոխությունից հետո, Արարատի մարզպետի պաշտոնը զբաղեցրեց մի անձնավորություն, ով չի տիրապետում, թե ի՞նչ գործառույթներ պետք է իրականացնի ի պաշտոնե:

Օրենքով նախատեսված իր գործառույթները կատարելու փոխարեն մարզպետը աշխատանքային առաջին օրվանից՝ զբաղված է մարզում բանսարկություններ, ու զրպարտանքներ տարածելով, և մարդկանց իրար դեմ չարացնելով:

Մարզպետի գործողությունները իրեն բացահայտեցին նաև այն ժամանակ, երբ վերջինս Ավշարի հին դպրոցի շենքի մասին, որը 3-րդ և 4-րդ կարգի վթարային շենք է, զրպարտչական բնույթի տեղեկություն ուղարկեց Հայաստանի Հանրապետության Դատախազություն, իբր ենթադրյալ հանցագործություն է հայտնաբերել, ինչի հիման վրա Արարատի տարածքային ոստիկանության կողմից մի քանի ամիսներ իրականացվեցին ոստիկանական գործողություններ՝ ստուգելով համայնքապետարանի կողմից հին դպրոցի շենքի վերաբերյալ անցյալ տարիներին օրենքով սահմանված կարգով կատարած գործողությունները:

Ամիսներ շարունակ տևած ստուգումների արդյունքում՝ պարզվեց, որ այն ժամանակվա համայնքապետարանի կատարած գործողություններում հանցակազմ կամ օրենքի խախտումներ չկան: Հետևաբար այդ գործը պետք է կարճվեր և պատասխանատվության ենթարկվեր զրպարտիչը:

Հետագայում տեղեկացանք, որ ոստիկանությունը գործը ուղարկել է Արարատի մարզի քննչական կոմիտե, որտեղ ևս կատարվեցին բազմաթիվ քննչական գործողություններ, որոնք տևեցին մի քանի ամիս, քննիչի կողմից կայացվեց որոշում՝ հանցակազմի բացակայության հիմքով կարճել քրեական գործը:

Քննիչի կողմից կայացված օրինական որոշումը բողոքարկվեց, ինչի հմիան վրա քննիչի որոշումը վերացվեց և նույն քննիչի կողմից սկսվեցին ավելի լայնածավալ քննչական նոր գործողություններ: Քննչական երկրորդ կամ կրկնակի գործողությունները տևել են մի քանի ամիսներ, ավելի շատ, քան առաջին քննչական գործողությունները:

Երկրորդ քննչական գործողությունների ավարտից հետո քննիչի կողմից որոշում կայացվեց՝ հանցակազմի բացակայության և վաղեմության ժամկետի հիմքերով քրեական գործը կարճել:

Վստահ եմ նաև , որ ուղղակի կամ անուղղակի եղանակով դեռևս շարունակվելու է զրպարտչական բնույթի գործողությունների կատարումը, սակայն հայտնում եմ , որ դա ցանկալի արդյունք չի տալու»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ