Արտոնյան պայմաններով կենսաթոշակ նշանակելու հարցում կան խնդիրներ և մարդկանց հաճախ մերժում են: Այս մասին ապրիլի 27-ին, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովում «2019 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդման քննարկման ժամանակ նշեց ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը:
«Այստեղ շատ ձևական մոտեցում է կիրառվում և իրավունքի գերակայությունը մնում է հետևում: Օրինակ, կա կառավարության որոշմամբ սահմանված ցանկ, որտեղ նշված են մասնագիտություններ, աշխատանքներ և մարդկանց դիմումները մերժում են այն հիմնավորմամբ, որ արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող նրանց աշխատանքային ստաժը չի բավականացնում, քանի որ ասենք թե, չեն համապատասխանում տառացիորեն այդ ցանկի պահանջներին: Դրանք այնպիսին են, որ կարելի է այնպես մեկնաբանել, որ քաղաքացիները չզրկվեն այդ իրավունքից: Մասնակի կենսաթոշակ նշնակելու հարցում ևս համակարգային խնդիրներ կան:
Խնդիր է նաև մարդկանց փաստացի աշխատած ժամանակահատվածը կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում չհաշվառելը: Սա վերաբերում է այն իրավիճակներին, երբ մարդիկ չեն կարողանում ներկայացնել աշխատանքային ստաժն պացուցող փաստարկներ, ասենք աշխատել են որևէ հիմնարկում, սակայն չունեն փաստաթղթերը, որով կկարողանան դա հիմնավորել»,- ասաց Թաթոյանը:
Արման Թաթոյանը [խոսեց նաև աշխատաշուկայի մասին, նշելով, որ Հայաստանում աշխատաշուկան փոքր է աշխատատեղերը շատ չեն և գործատուն առանձին դեպքերում թելադրողի դերում է հանդես գալիս և դրանից օգտվելով չարաշահումներ է իրականացնում:
«Մասնավորապես, գործատուները աշխատանքից ազատվելու ժամանակ վերջնահաշվարկներ չեն կատարում, աշխատավարձից անհիմն պահումներ են անում, պատշաճ չեն ծանուցումներն անում, առանց աշխատողների հետ համաձայնության նրանց այլ աշխատանքի են փոխադրում ևայլն: Օրինակ, նախորդ տարի Գյումրիում մի մասնավոր կազմակերպություն կար, որ աշխատաբվրձերի հետ կապված լուրջ պրոբլեմ էր հարուցել: Լենա Նազարյանն էր այդ հարցը բարձրացրել ինձ կոնկրետ: Պետք է ասեմ, որ մենք որքան էլ Աշխատանքի և առողջապահության տեսչության միջոցով փորձեցինք այդ հարցին անդրադառնալ պետական հնարավորությամբ, գրեթե հնարավոր չէր ոչինչ անել»,- ասաց նա՝ հավելելով, որ մեկ այլ խնդիր է այն, որ բուժաշխատողների աշխատավարձը շատ ցածր մակարդակի վրա է գտնվում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը