Մարալիկ եւ Ձորակապ համայնքերում մուտքի ու ելքի հատուկ ռեժիմներ կգործեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Նա նշել է.
«Հարգելի հայրենակիցներ, Պարետի ապրիլի 18-ի՝ թիվ 45 որոշման համաձայն, վաղվանից մինչև ապրիլի 25-ը Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվելու են հետևյալ սահմանափակումները՝
ա/ Սահմանել բնակավայրերի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ` արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման և գյուղատնտեսական ու այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով անձանց տեղաշարժի և Մ1 միջպետական ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության.
բ/ Սույն կետի «ա» ենթակետով սահմանված գյուղատնտեսական և այգեգործական աշխատանքներ իրականացնելու նպատակով անձանց ելքն ու մուտքը թույլատրվում է միայն Անի համայնքի ղեկավարի կողմից ստորագրված և կնքված՝ սույն որոշման հավելվածով սահմանված ձևանմուշի առկայության դեպքում.
գ/ Սույն կետի «ա» ենթակետով սահմանված՝ Մ1 միջպետական ճանապարհով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության վերահսկման նպատակով, ՀՀ ոստիկանության կողմից Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի ներսում սահմանել վերակարգեր և բացառել երթևեկող տրանսպորտային միջոցների կանգ առնելը Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի վարչական սահմաններում.
դ/ Սույն կետի «ա» ենթակետով սահմանված Մարալիկ և Ձորակապ բնակավայրեր մուտք գործելու սահմանափակման համար բացառություն սահմանել մինչև 2020 թվականի ապրիլի 19-ը՝ ժամը 22:00-ն՝ թույլատրելով Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը
ե/ Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրել հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով.
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 6:00-ին, և գործում է մինչև 2020 թվականի ապրիլի 25-ը՝ ժամը 23։59-ը:
ՄԱՐԱԼԻԿ ԵՎ ՁՈՐԱԿԱՊ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՍԻՐԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐԻԴ ԱՋԱԿՑՈՒԹՈՒՆԸ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ ՀԱՄԱՏԵՂ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ՜!!! ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՄԵՐ ԱԶԳԻՆ ԵՎ ԲՈԼՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԻՆ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը