18 04 2020

Որոշ քաղաքացիներ չարաշահում են արտակարգ դրության ռեժիմը․ Երևանի քաղաքապետարան

Որոշ քաղաքացիներ չարաշահում են արտակարգ դրության ռեժիմը․ Երևանի քաղաքապետարան

Երևանի վարչական շրջանների ղեկավարների հետ կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել արտակարգ դրության պայմաններում համայնքի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը: Խորհրդակցությանը մասնակցել են նաև քաղաքային տնտեսության ոլորտները համակարգող քաղաքապետի տեղակալները: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի կայքից։

Զեկուցվել է, որ համայնքային բոլոր կառույցները նոր կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու նպատակով որոշ փոփոխություններ են մտցրել աշխատանքների կազմակերպման մեջ՝ շարունակելով իրենց պարտականությունները: Հանձնարարվել է ուշադրության կենտրոնում պահել քաղաքացիներից առցանց ստացվող դիմումները, բողոքներն ու հարցումները, որպեսզի դրանց նախատեսված ժամկետում տրվեն պատասխաններ:

Այս օրերին որոշ քաղաքացիներ փորձում են չարաշահել արտակարգ դրության ռեժիմը և դիմում են ապօրինությունների: Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է լինել հետևողական և քայլեր ձեռնարկել ապօրինի շինարարությունները անմիջապես կասեցնել:

Երևանի առողջապահական հիմնարկներում աշխատանքն արտակարգ ռեժիմով է կազմակերպվում: Համայնքային պոլիկլինիկաները հերթապահում են նաև շաբաթ-կիրակի: Ամեն օր համայնքային շուրջ 70 ավտոբուս 3-անգամյա ռեժիմով աշխատանքի է հասցնում ավելի քան 1800 բուժաշխատողի:

Միայնակ անժառանգ կենսաթոշակառուների համար Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել ու կյանքի է կոչում սոցիալական հատուկ ծրագիր։ Մոտ 45 մլն դրամ գումարի շրջանակում շուրջ 2000 տարեցի և անապահովի ցուցաբերվում է աջակցություն:

Քաղաքապետ Մարությանը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել բոլոր ստորաբաժանումներին՝ արտակարգ դրության պայմաններում իրենց աշխատանքի համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ