14 04 2020

Ինչո՞ւ է տնօրենը վտանգում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հեղինակությունը

Ինչո՞ւ է տնօրենը վտանգում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հեղինակությունը

ՀՀ ԳԱԱ Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այո՛, և՛ հիշելու ենք, և՛ պահանջելու ենք

Ինչու՞ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը անթույլատրելի գործելաոճ որդեգրելով վտանգում է հաստատության հեղինակությունը

Վերջին օրերին շատերի ուշադրությունը գրավեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տարածած, մեղմ ասած, խիստ վիճելի առաջարկ-նախաձեռնության տեքստն ու բոլորիս հայտնի «Հիշում եմ ու պահանջում» կարգախոսի վերախմբագրված տարբերակն ու դրան հաջորդած ինքնարդարացման, իսկ փաստացի՝ ելակետային դրույթների ու ձևակերպումների հափշտապ հերքման ճիգերը, որոնք գործադրվեցին հաստատության տնօրեն Հարություն Մարությանի կողմից:

Ինչո՞վ է պայմանավորված ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանի նման վարքագիծը և արդյո՞ք այս դեպքում գործ ունենք չկշռադատված գործողության ու աններելի մի սայթաքման հետ: Ավա՜ղ, ոչ, այս ամենը, լոկ վերոնշյալ անձի կողմից վերջին տարիներին թուրքական կողմի հետ տարբեր ձևաչափերի հաշտեցման նախաձեռնությունների ու դրամաշնորհերի մեջ ներգրավված լինելու և ակնկալված միջոցները ստանալու համար անհրաժեշտ լեզվական ու վարքագծային «հղկման» գործընթացներով անցնելու հետևանքն է:

Խոսենք հստակ օրինակներով ու փաստերով…

Ստորև առանձին կետերով կանդրադառնամ ՀՑԹԻ տնօրեն՝ մի քանի ամիս առաջ, Հունաստան կատարած գործուղման ընթացքում տված հարցազրույցի պատասխաններին.

1. Ցեղասպանության թեմայի շուրջ հույն լրագրողի հարցին, Հարություն Մարությանը, ոչ ավել, ոչ պակաս, պատասխանում է. «Գիտեք, ես հարյուր տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասնագետը չեմ…»: Այստեղ սարսափելին այն չէ, որ օրը ցերեկով բոլորիս համար հատուկ նշանակություն ու խորհուրդ ունեցող Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը հայտարարում է, թե նա ցեղասպանության թեմայի մասնագետը չի: Սոսկալին այն է, որ Հ. Մարությանը խուսափելով «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից, կիրառում է թուրքական ժխտողական պատմագրության կողմից լայնորեն կիրառվող «իրադարձություններ» եզրույթը: Հիմա հասկանալի՞ է, թե ինչու թանգարանի
ցուցադրություններում «Եղեռն» բառը փոխարինում է «ցեղասպանություն» կարևոր ու տարողունակ եզրույթին:

2. Հ. Մարությանի մյուս վտանգավոր «ակադեմիական» նորամուծությունը հայերի դիմադրությունը (այսպես է նա անվանում ինքնապաշտպանական մարտերը) Հայոց
ցեղասպանության թեմայում գլխավոր պատում դարձնելու և տեղի ունեցած հանցագործության անմարդկային ու քստմնելի դրվագներն ու հետևանքները
երկրորդ պլան մղելու ջանքերն են:

Հ. Մարությանը պարզապես չի հասցրել գիտակցել, որ այս տեսակ պնդումները չեն կարող դիտվել որպես կամակոր ոճով
պարտադրվող եզրահանգումներ ու անվերապահ հաստատագրում: Ոչ մեկը լիազորված չէ և իրավունք չունի Հայոց ցեղասպանության թեմայում անհատական
տեսակետներ ու մոտեցումներ պարտադրել բոլորին, առավել ևս խոսել վերաիմաստավորումներից, անգամ եթե այդ անձը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն է:

3. Հաջորդ միտքը. «… Ես եկել եմ թանգարան-ինստիտուտ, որպեսզի որոշ փոփոխություններ իրականացնեմ, քանզի հիշողությունը, կայուն ու հաստատ երևույթ չի, այլ ենթակա է փոփոխությունների:․․․ Հատկապես երբ ցանկանում ենք երիտասարդներին մատուցել այս հարցը, պետք է որոշ դրական տարրեր ներկայացնենք, ինչպես օրինակ օգնությունը, խոսել համերաշխության մասին: Ինչու՞ խոսենք ջարդերի ու կոտորածների մասին միայն, եկեք խոսենք նաև այլ հարցերի մասին: Շատ դժվար է կարծրատիպերը փոխել, ժամանակ է պետք և ես ենթարկվում եմ քննադատության»: Այստեղ հարց է առաջանում. ինչպե՞ս պետք է մատուցվի
ցեղասպանության թեման, երբ ինքդ քեզ համարում ես այդ թեմային չտիրապետող անձ: Ուշադրություն դարձրեք, որ հարցազրույցի ընթացքում Հ. Մարությանը
հնարավորինս խուսափում է «ցեղասպանության» եզրույթը արտաբերելուց, նույնիսկ ՀՑԹԻ պաշտոնական անունը արտաբերելու դեպքում:

4. Հաջորդը. «Ես ազգագրագետ եմ, և գործ ունեմ մարդկանց հետ, պատմաբանները գործ ունեն փաստաթղթերի ու գրքերի հետ, բայց այստեղ պետք է մարդկանց հետ գործ ունենանք. արդյո՞ք նրանք փոփոխություններ են ցանկանում, այլ տեսակետներ
լսել»: Հիմա հասկանալի՞ է, որ առաջին հայացքից այս մարդկային թվացող ցանկությունների տակ Հ. Մարությանը պարզապես փաթեթավորում և մեզ է
մատուցում Հայոց ցեղասպանության ժխտման մի նոր ու չափազանց վտանգավոր դրսևորում, որի հետևանքների հետ դեռ երկար ժամանակ ստիպված կլինենք
գործ ունենալ: Սրա հերթական դրսևորումը հենց պահանջատիրության կարևոր դրույթը նսեմացնելու և այն խմբագրելու անթաքույց ցանկությունն էր, որն այս օրերին արդարացիորեն արժանացավ խիստ քննադատության:

Վստահ եմ, որ շատերին ցանկալի կլիներ, որպեսզի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վարկանիշն ու հեղինակությունը չենթարկվեն նման փորձությունների, սակայն այս հարցազրույցում Հ. Մարությանի արտահայտված մտքերն ու մոտեցումները վկայում են, որ ապագայում գործ ենք ունենալու անկանխատեսելի նոր զարգացումների հետ, որոնք պարբերաբար ապացուցելու են, որ իրոք, Հ. Մարությանը շատ հեռու է ցեղասպանության թեման ըստ արժանվույն տիրապետելու և մատուցելու կարողություններ ունենալու»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ