ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը ապրիլի 12-ին կտրուկ վատացել է. նա ծայրահեղ ծանր վիճակում է։ Այս մասին հայտարարություն է տարածել Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը։
Հայտարարության մեջ ասվում է.
«Երեկ՝ ապրիլի 12-ին Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, հիվանդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Տեւական բուժումն ընդամենը կոնսերվացրեց հիվանդությունները, իսկ վերջին բժշկական էպիկրիզներով բացահայտվեց հիվանդությունների վատթարացումն ու բացասական դինամիկան:
Ըստ ճանաչված բժիշկ, պրոֆեսոր Ն.Ավետյանի մասնագիտական կարծիքի՝ Հայաստանում արդեն իսկ կատարվել են Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը բարելավելու ուղղությամբ անհրաժեշտ եւ բավարար բուժումներ Հայաստանում գտնվող լավագույն բուժհաստատություններում, սակայն հիվանդի վիճակն ավելի է վատթարացել, որը տեղի է ունեցել ոչ թե բժիշկների անգործության կամ անհետեւողականության պատճառով, այլ նրանով, որ Հայաստանում բացակայում են տվյալ համալիր հիվանդություններով պայմանավորված անհրաժեշտ դեղամիջոցներն ու սարքավորումները: Նման պայմաններում հեղինակավոր բժիշկը գտել է, որ հիվանդը կմահանա:
Ավելին, թեեւ աշխարհում, այս թվում նաեւ Ֆրանսիայում, մոլեգնում է կորոնավիրուսային համաճարակը, սակայն Ֆրանսիայի այն հիվանդանոցը, որտեղ ժամանակին բուժվել եւ վիրահատվել է Մանվել Գրիգորյանը, ծանոթանալով նրա հիվանդության պատմությանը, գրություն ուղարկեց, որ անհապաղ հիվանդին պետք է ուղարկել իրենց կլինիկա:
Ի՞նչ արեց առողջապահության նախարարը, նախարարն ասում է, քանի որ գործը դատարանում է, ես ոչ մի որոշում չեմ տա, դիմեք դատարան: Ի՞նչ է ասում դատարանը, ասում է դատարանն առողջապահության հարցերով չի զբաղվում, դատարանը նախարարությանը գրություն չի տա:
Մ.Գրիգորյանի ինքնազգացողության կտրուկ վատթարացման հետեւանքների ողջ պատասխանատուն այլեւս Հայաստանի Հանրապետությունն է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը