13 04 2020

«Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի հաշվեհամարին նախատեսվածից շատ փող է հավաքվել

«Հայաստան համահայկական հիմնադրամ»-ի հաշվեհամարին նախատեսվածից շատ փող է հավաքվել

«Հայաստան» համահայկական հիմնադրամը, միանալով COVID-2019 համաճարակի դեմ մղվող պայքարին, ս.թ. մարտի 18-ից նախաձեռնել է առցանց դրամահավաք-արշավ, որի շրջանակներում հավաքագրված ամբողջ գումարն ուղղված է առողջապահության ոլորտին անհրաժեշտ բարձրորակ բժշկական պարագաների ու սարքերի ձեռքբերմանը եւ տրամադրմանը, ինչպես նաեւ հրատապ անհրաժեշտություն ունեցող այլ կարիքներին։

Ապրիլի 13-ի դրությամբ, հիմնադրամի առցանց դրամահավաք-արշավի հաշվեհամարին արդեն հավաքագրվել է 208,620.43 ԱՄՆ դոլար՝ նախատեսված 200 հազար դոլար գումարի  104.31 %-ը: Հուրախություն բոլորիս, մեր հայրենակիցների համախմբման եւ ակտիվ մասնակցության արդյունքում հիմնադրամի հայտարարած գումարի շեմն արդեն իսկ հատված է, ուստի այժմ  նոր նշաձող է սահմանվում՝ այն է 250 հազար ԱՄՆ դոլար:

Դուք եւս կարող եք մասնակցել COVID-19 համաճարակի դեմ մղվող պայքարին՝ միանալով առցանց արշավին:

«Հիմնադրամի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել առցանց գրանցված ավելի քան 200 անհատ նվիրատուներին՝ վստահության եւ շարունակական աջակցության համար: Մեր այս նախաձեռնությանն են միացել աշխարհի  հայ համայնքները, կազմակերպություններն ու անհատները Միացյալ Նահագներից, Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից, Բրազիլիայից, Գերմանիայից, Իտալիայից, Նիդերլանդներից, Իռլանդիայից, Ռուսաստանից, Արգենտինայից, Ավստրիայից եւ Հունաստանից՝ սատարելով այս հայրենանվեր ծրագրին: Շնորհակալություն ենք հայտնում նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւելյան ափի Կիլիկիո թեմի Ազգային առաջնորդարանին եւ Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը՝ խոշոր դրամական նվիրատվությունների համար»,– նշում է հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

Հավելենք, որ հավաքագրված գումարից 130 հազար դոլարն արդեն իսկ ծախսվել է բարձրորակ բժշկական պարագաներ եւ սարքավորումներ ձեռք բերելու համար: Ինչպես նաեւ, Ռուսաստանում գտնվող վաթսուն հայրենակից հնարավորություն է ստացել հատուկ չվերթով անվճար վերադառնալ հայրենիք: Մնացյալ միջոցների տնօրինման համար ներկայումս իրականացվում է կարիքների գնահատում:

Մինչեւ դրամահավաք-արշավը, դեռեւս ս.թ. մարտի սկզբին, շուրջ 800 կգ ընդհանուր քաշով մեծաքանակ կանխարգելիչ, պաշտպանիչ, ինչպես նաեւ ախտահանիչ բժշկական պարագաներ էին տրամադրվել առողջապահության նախարարությանը հիմնադրամի ԱՄՆ–ի արեւմտյան շրջանի գրասենյակի, «Chevy Chase Surgery Center»-ի եւ «Հայ օգնություն միության» աջակցությամբ: Հիմնադրամին աջակցություն է ցուցաբերում նաեւ Հայ-ամերիկյան բժշկական միությունը՝ տրամադրելով հատուկ պաշտպանիչ հանդերձանք եւ սարքավորումներ։

Շուտով Հայաստան կհասնեն հիմնադրամի  Ֆրանսիայի տեղական մարմնի կողմից ուղարկված 60 հեռահար ջերմաչափ եւ 20 թթվածնի խտացուցիչ սարք, ինչպես նաեւ  8 արհեստական շնչառական համակարգ, որոնցից 2-ը ձեռք են բերվել Մեծ Բրիտանիայի, իսկ 1-ը Նիդերլանդների տեղական մարմինների օժանդակությամբ: Բժշկական սարքավորումները եւ պարագաները տրամադրվում են Հայաստանի եւ Արցախի առողջապահական հատվածի առաջնահերթ կարիքները հոգալու նպատակով:

Դրամահավաք–արշավի վերաբերյալ ամփոփիչ հաշվետվությունը կներկայացվի ծրագրի ավարտին: Բոլոր նվիրատուների անունները եւ նվիրաբերած գումարի չափը ավտոմատ կերպով գեներացվում է դրամահավաք արշավի էջում:

ՀՀՀ առաքելությունը համահայկական ցանցային համակարգի ձեւավորումն է, որի նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպես նաեւ աշխարհասփյուռ հայկական համայնքների համաչափ, կայուն եւ փոխկապակցված զարգացման ապահովումն է՝ հիմնվելով ընդհանուր ինքնության վրա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ