08 04 2020

Լրատվական կայքերում վիճակախաղի գովազդը՝ ժամը 21-ից 6-ը․ նոր նախագիծ

Լրատվական կայքերում վիճակախաղի գովազդը՝ ժամը 21-ից 6-ը․ նոր նախագիծ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում  ներկայացվել է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է լրատվական կայքերում սահմանափակել վիճակախաղերի գովազդը։

«Գովազդի մասին» գործող օրենքի համաձայն՝ վիճակախաղի կազմակերպիչն իրավունք ունի համացանցով գովազդելու վիճակախաղը, գովազդը արգելվում է իրականացնել մանկապատանեկան, կրթական, բժշկական, սոցիալական կայքերի միջոցով, իսկ լրատվական կայքերում գովազդը չպետք է գերազանցի տվյալ կայքէջի 20%-ից ավելին:

«Հաշվի առնելով, որ չկան  հստակ չափորոշիչներ և գործիքներ, որոնք հնարավորություն կտան լրատվական կայքերում տեղադրված գովազդը տվյալ կայքէջի 20%-ից ավելին  որակելու  կամ չորակելու համար, նման մոտեցումը խնդրահարույց է  թե՛ ոլորտի կարգավորման պրակտիկ իրացման, թե՛ վերահսկողության տեսանկյունից, քանի որ պարունակում է բարձր հայեցողական մոտեցման ռիսկեր վարչարարության իրականացման  համար»,- ասվում է նախագծի հիմնավորման մեջ։

Օրենքի փոփոխություններով առաջարկվում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20% կայքէջի ծավալային սահմանափակման փոխարեն կիրառել ժամային սահմանումը՝ նախատեսելով, որ լրատվական կայքերի միջոցով վիճակախաղերի գովազդները կարող են իրականացվել 21:00-ից մինչև 06:00-ն ընկած ժամանակահատվածում: Այդ ժամանակահատվածում գովազդի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 3 րոպեն

«Գովազդի մասին» օրենքում փոփոխությունների համաձայն՝ խախտումների համար ՀՀ պետական կառավարման լիազորված մարմինը կարող է նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով տուգանել գովազդատուին, գովազդ արտադրողին, գովազդակիր ձեռնարկությունների ղեկավարներին։ Գործող օրենքով տուգանքի չափը մինչև 100-ապատիկ է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ