Դեսպանությունը Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ մշտական կապի մեջ է ուսանողների հետ, եւ պարբերաբար քայլեր են ձեռնարկվում տեղում իրենց առջեւ ծառացող բոլոր խնդիրներին լուծումներ գտնելու ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ի կայքից։
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի մեկնաբանության մեջ,ասվում է.
«Դեռեւս մարտի 23-ին Իսրայելում ՀՀ դեսպանության եւ ԱԳՆ-ի հետ կապ են հաստատել ՀՀ քաղաքացի 9 ուսանող, որոնք այդ ժամանակ դպրոցի փակման պատճառով ունեին կեցության եւ Հայաստան վերադառնալու խնդիրներ:
Վերջիններս տեղում ապահովվել են կեցության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով, ինչպես նաեւ դեսպանության կողմից նրանց համար ձեռք էր բերվել դեպի Հայաստան ավիատոմս, ապահովվել տեղափոխումն օդանավակայան:
Սակայն չվերթների չեղարկման եւ Իսրայելի կառավարության կողմից նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կիրառվող սահմանափակումների պատճառով հետաձգվել է մեր քաղաքացիների` Հայաստան վերադարձի իրականացումը:
Դեսպանությունը մշտական կապի մեջ է ուսանողների հետ, եւ պարբերաբար քայլեր են ձեռնարկվում տեղում իրենց առջեւ ծառացող բոլոր խնդիրներին լուծումներ գտնելու ուղղությամբ:
Ներկայումս արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների խնդիրները բավականին համապարփակ են. ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները, ԱԳՆ եւ պարետատունն ամբողջովին տիրապետում են ավելի քան 50 երկրում գտնվող մեր քաղաքացիների խնդիրների մասին տեղեկատվությանը: Արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները շուրջօրյա եւ գերծանրաբեռնված ռեժիմով աշխատում են այդ խնդիրների հասցեագրած ուղղությամբ՝ տարբեր երկրների կողմից կիրառված եւ ամեն օր փոփոխվող սահմանափակումների պայմաններում:
Յուրաքանչյուր առանձին երկրի դեպքում աջակցության ձեւը եւ ծավալը որոշվում է՝ հաշվի առնելով առողջապահական անվտանգության խնդիրները, առկա հնարավորությունները եւ կոնկրետ իրավիճակը:
Բոլոր շահագրգիռ անձանց կոչ ենք անում չտրվել այս կամ այն առանձին դեպքի շուրջ աժիոտաժ ստեղծելու եւ այն հատվածական շահերին ծառայեցնելու գայթակղությանը: Իրավիճակը պահանջում է քաղաքացիական պատասխանատվություն եւ լուրջ վերաբերմունք բոլորի կողմից»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը