26 03 2020

Նուբարաշենի կալանավայրը տեղափոխվում է Աջափնյակ

Նուբարաշենի կալանավայրը տեղափոխվում է Աջափնյակ

Երևանում նոր կալանավայր է կառուցվում։

Կառավարությւունը որոշել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի «Սպանդարյան» կայարանի երկաթգծին հարակից 15 հեկտար մակերեսով հողատարածքը նվիրել Հայաստանի Հանրապետությանը՝ ամրացնելով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

Հիմնավորման մեջ ասվում է․ «2019 թվականի փետրվարի 14-ի ԱԺՕ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի «Ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի» վերտառությամբ 4-րդ բաժնի «Օրենքի առջև բոլորի հավասարությունը, արդարադատությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը» վերտառությամբ 4.1-րդ գլխում ամրագրված է որ. «Կառավարությունը պետք է շարունակական քայլեր ձեռնարկի ազատությունից զրկված անձանց հիմնական իրավունքների երաշխավորման, այդ թվում՝ արտաքին աշխարհի հետ կապի ամրապնդման, պահման պայմանների բարելավման, նրանց տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման որակի բարձրացման, վերասոցիալականացման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով»:

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանները խիստ անբավարար են ազատությունից զրկված անձանց պահման համար: Ստեղծված իրավիճակը կարող է տարբեր վարակների տարածման պատճառ հանդիսանալ, շենքում խոնավության բարձր մակարդակը կարող է հանգեցնել հիվանդացության ցուցանիշի բարձրացմանը, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների սրացմանը: Ավելին՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը տեղակայված է «հոսող հողերի» վրա, ինչը նույնպես հրատապ լուծում է պահանջում: Ըստ էության, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը դարձել է ոչ պիտանի հետագա շահագործման համար:

Ներկայում քրեակատարողական համակարգում երկրորդային մակարդակի բժշկական օգնության տրամադրումը իրականացվում է ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում (այսուհետ՝ նաև Հիվանդանոց), որը ՀՀ քրեակատարողական համակարգում իր տեսակի մեջ միակ նման հաստատությունն է:

Հիվանդանոցը ընդունում է միայն արական սեռի անձանց, իսկ ազատությունից զրկված կանայք և անչափահաս անձինք բուժվում են քաղաքացիական հիվանդանոցներում: Հիվանդանոցը ունի 424 մահճակալ: Հիվանդանոցն ունի նյութատեխնիկական, կադրային վերազինման խիստ անհրաժեշտություն: Հիվանդանոցում բացակայում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքը, մինչդեռ, դա երկրորդային բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող հաստատության համար պարտադիր պահանջ է: Նման անբավարար պայմաներում հիվանդանոցային որակյալ բժշկական ծառայությունների մատուցումը հնարավոր չէ ապահովել: Առկա խնդիրներից է նաև Հիվանդանոցի աշխարհագրական դիրքը՝ բնակելի շենքերին մոտ լինելը։

Հիվանդանոցում պահվում են նաև ինֆեկցիոն հիվանդություններով տառապող դատապարտյալներ և կալանավորված անձինք, ինչը կարող է վտանգ ներկայացնել շրջակա բնակիչների առողջության համար։ Նշվածը, ինչպես նաև այն, որ շենքը կառուցվել է 20-րդ դարի սկզբին, հնացած է, գտնվում է անմխիթար վիճակում և առկա է փլուզման վտանգ, մտահոգիչ են և պահանջում են հրատապ լուծում:

Առաջարկվում է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց»  քրեակատարողական հիմնարկները փակելու և Երևան քաղաքի տարածքում՝ Սիլիկյան թաղամասում, շուրջ 1200 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ (200 մահճակալ նախատեսվել է բուժման կարիք ունեցող անձանց համար) կառուցելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությանը տրամադրել Երևանի քաղաքի համայնքային սեփականությունը հանդիսացող՝ Աջափնյակ վարչական շրջանի «Սպանդարյան» կայարանի երկաթգծին հարակից 15 հեկտար մակերեսով հողատարածքը:

Նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման համար անհրաժեշտ կլինի շուրջ 21.288.420.000 ՀՀ դրամ, իսկ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման արժեքը կկազմի շուրջ 417.420.000 ՀՀ դրամ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ