20 03 2020

Արցախի ոստիկանությունը Ստեփանակերտի ճանապարհը փակելու դեպքի մասին հայտարարություն է տարածել

Արցախի ոստիկանությունը Ստեփանակերտի ճանապարհը փակելու դեպքի մասին հայտարարություն է տարածել

Հաշվի առնելով 2020 թվականի մարտի 18-ին ժամը 18:05-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքում  ճանապարհը փակելու միջադեպի հանրային հնչեղությունը, հարկ ենք համարում իրազեկել հանրությանը, որ ոստիկանությունը կոչված է նախականխելու, կանխելու եւ խափանելու վարչական իրավախախտումները, ապահովել հասարակական կարգի պահպանությունը եւ հասարակական անվտանգությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ոստիկանությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Արցախի Հանրապետության Սահմանադրության համաձայն յուրաքանչյուր ոք ազատ է անելու այն ամենը, ինչն արգելված չէ Սահմանադրությամբ կամ օրենքով եւ չի խախտում այլոց իրավունքներն ու ազատությունները:

Ճանապարհը փակելը, ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության համար խոչընդոտներ ստեղծելը հակաիրավական արարք է՝ արգելված օրենքներով եւ խախտում է այլոց իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ ազատ տեղաշարժվելու եւ մի շարք այլ իրավունքներ: 

Հետեւաբար ոստիկանությունը կատարել է օրենքով իր վրա դրված պարտականությունները՝ խափանել վարչական իրավախախտումը, ոստիկանության ծառայողների՝ խոչընդոտը վերացնելու հորդորները եւ պահանջները տրանսպորտային միջոցների վարորդների կողմից չկատարելուց հետո դրանք տեղափոխել հատուկ տարածք, ինչպես նաեւ բերման ենթարկել վարույթ պահանջող իրավախախտում կատարած անձանց:

Միաժամանակ իրազեկում ենք, որ ոստիկանությունն ապաքաղաքականացված մարմին է եւ իրավախախտումները նախականխելու, կանխելու ու խափանելու, ինչպես նաեւ վարույթ պահանջող իրավախախտումների շրջանակներում ոստիկանության իրականացրած գործողությունները քաղաքական ենթատեքստում դիտարկելը դուրս է տրամաբանության եւ ողջամտության սահմաններից:

Բոլորին կոչ ենք անում զերծ մնալ հանցագործությունների եւ վարչական իրավախախտումների նախականխման, կանխման եւ խափանման ուղղությամբ ոստիկանության կողմից իրականացվող որեւէ գործողություն քաղաքականացնելուց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ