18 03 2020

Էլեկտրագնացքներում և կայարաններում ձեռնարկվում են ախտականխիչ միջոցառումներ

Էլեկտրագնացքներում և կայարաններում ձեռնարկվում են ախտականխիչ միջոցառումներ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Երևան-Գյումրի-Երևան, Երևան-Արաքս-Երևան, Երևան-Երասխ-Երևան ներհանրապետական ուղղությունները սպասարկող էլեկտրագնացքներում և կայարաններում ձեռնարկվում են ախտականխիչ միջոցառումներ.

 Ուղևորների հետ աշխատող անձնակազմը՝ գանձապահ-տոմսավաճառներ, ուղեկցորդներ, կայարանների հերթապահներ, գնացքների մեքենավարներ ապահոված են բժշկական դիմակներով, ձեռնոցներով, հակաբակտերիալ նյութերով:

 Կայարանների տարածքները սիստեմատիկ օդափոխվում են և ախտահանվում հատուկ միջոցներով: Իրականացվում է մակերևույթների համակարգված մաքրություն:

 Բոլոր կայարաններում ուղևորները աուդիոձայնագրությամբ պարբերաբար տեղեկացվում են վիրուսի կանխարգելման անհատական վարքագծի կանոնների և ախտականխիչ միջոցառումների վերաբերյալ:

 Կայարաններում նաև ստեղծված են հատուկ սենյակներ, որոնք անհրաժեշտության դեպքում տրամադրվելու են վատ ինքնազգացողության նախանշաններ դրսևորող ուղևորներին կամ աշխատակիցներին:

 Երկաթուղայիններն ամեն օր անցնում են հատուկ ինստրուկտաժ, նրանց տրամադրված են կորոնավիրուսի կանխարգելման վերաբերյալ հուշաթերթիկներ:

 Ամեն աշխատանքային օր սկսվում է տեղերում նպատակային հրահանգավորմամբ:

 Ամեն առավոտ կադրերի բաժնի աշխատակիցը կատարում է զանգեր արտադրողական տեղամասեր, ճշտում է աշխատողների առողջական վիճակը և կասկածի դեպքում, աշխատակիցն ուղղորդվում է պոլիկլինիկա:

Հիշեցնենք, որ մարտի 14-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կասեցրել է միջազգային ուղևորափոխադրումները՝ մինչև մարտի 24-ը չեղարկելով Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի ուղերթները: Այժմ ընկերությունը բոլոր ուղևորներին վերադարձնում է տոմսերի դիմաց վճարված գումարները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ