Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի ղեկավարությամբ, Բելառուսի Հանրապետությունում մասնակցել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 34-րդ նիստին: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Նիստի ընթացքում ստորագրվել է մաքսային գործի տարբեր բնագավառների վերաբերյալ 24 որոշում:
Այդ թվում՝ ԵԱՏՄ տարածք վտանգավոր թափոնների ներմուծման չթույլատրման, ԵԱՏՄ մաքսային տարածքով ապրանքների տարանցիկ փոխադրման միասնական համակարգի, ԵԱՏՄ տարածքում tax-free համակարգի կիրառման, ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկին համապատասխան որոշակի ապրանքների դասակարգման և այլ հարցերի վերաբերյալ: Ստորագրվել են նաև բժշկական ցուցումներով ֆիզիկական անձանց կողմից տեղափոխման ենթակա բժշկական տեխնիկայի և սարքավորումների, դրամական և այլ գործիքների ծագումը հավաստող փաստաթղթերի ցանկի ձևավորմանը, նախնական մաքսային հայտարարագրմանն առնչվող մի շարք հարցեր:
Նիստի ընթացքում ստորագրվել են նաև Միավորված կոլեգիայի և դրան կից աշխատանքային խմբերի 2019 թվականի աշխատանքային ծրագրերի իրականացման արդյունքների, ինչպես նաև վերջիններիս 2020 թվականի աշխատանքային ծրագրերի մասին որոշումները: Որոշում է կայացվել Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի հաջորդ՝ 35-րդ նիստն անցկացնել 2020 թվականի հունիսին, Հայաստանի Հանրապետությունում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը