27 02 2020

Իրանցիների հետ շփումը և նրանց ելքը մեքենաներից Մեղրիի անցակետում կսահմանափակվեն

Իրանցիների հետ շփումը և նրանց ելքը մեքենաներից Մեղրիի անցակետում կսահմանափակվեն

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը երկշաբաթյա ժամկետով սահմանափակելու վերաբերյալ ՀՀ կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի թիվ 197-Ն որոշմամբ ղեկավարվելով՝ ՊԵԿ նախագահի հրամանով սահմանվել է ցամաքային հաղորդակցության ժամանակ աշխատանքների կազմակերպման կարգը:

ՊԵԿ նախագահի հրամանով` Հարավային մաքսատուն-վարչության գործունեության գոտում գրանցված տնտեսվարողների կողմից Իրանի Իսլամական Հանրապետությունում հաշվառված տրանսպորտային միջոցներով և ԻԻՀ քաղաքացի հանդիսացող վարորդների միջոցով ներկրվող ապրանքների ու տրանսպորտային միջոցների նշանակման վայր է սահմանվել «Ագարակ տերմինալ» ժամանակավոր պահպանության պահեստը: Հարավային մաքսատուն-վարչությանը հանձնարարվել է հնարավորինս արագ կազմակերպել ներկրվող ապրանքների բեռնաթափումը կամ փոխաբեռնումը «Ագարակ տերմինալ» ժամանակավոր պահպանության պահեստում և ապահովել այդ տրանսպորտային միջոցների ու վարորդների արագ ելքը ՀՀ տարածքից՝ բացառելով տրանսպորտային միջոցների հետագա խորացումը ՀՀ տարածք: Իսկ դեպի «Ագարակ տերմինալ» և հետ՝ դեպի անցումային կետի տարածք, բեռների տեղափոխումը կազմակերպել ուղեկցմամբ կամ ՀՀ ճանապարհային ոստիկանության համապատասխան պարեկային խմբերի հետ համագործակցությամբ:

Պետական սահմանի Մեղրիի անցումային կետում ԻԻՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով (ԻԻՀ քաղաքացի հանդիսացող վարորդներով) Հարավային մաքսատուն-վարչության գործունեության գոտուց դուրս գրանցված տնտեսվարողների կողմից ապրանքների ներկրման դեպքերում բացառել Մեղրիի կետ-բաժնում «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգից տարբերվող մաքսային ընթացակարգով ներկայացված հայտարարագրերի գրանցումը և ապրանքների բացթողումը: Մեղրիի անցումային կետով ներկրվող ապրանքների մաքսային հսկողության և մաքսային տարանցում ընթացակարգով հայտարարագրերի գրանցման աշխատանքները կազմակերպել՝ հնարավորինս սահմանափակելով Իրանի քաղաքացի հանդիսացող վարորդների հետ շփումները և նրանց ելքը ավտոմեքենաներից: Պաշտպանիչ հանդերձավորմամբ անձի միջոցով վարորդներից ստանալ բեռը ուղեկցող փաստաթղթերը, կազմակերպել հայտարարագրերի լրացման և ներկայացման աշխատանքներն՝ առանց վարորդին դրանցում ներգրավելու:

Իրանում հաշվառված տրանսպորտային միջոցներով (ԻԻՀ քաղաքացի հանդիսացող վարորդներով) Հարավային մաքսատուն-վարչությունից տարբերվող այլ մաքսատուն-վարչություններ ապրանքների տարանցման անհրաժեշտության դեպքում տարանցիկ փոխադրումների նշանակման մարմին կսահմանվի Արարատյան մաքսատուն-վարչությունը: Իսկ տրանսպորտային միջոցների ելքն անցումային կետի տարածքից կթույլատրվի բացառապես ՀՀ ճանապարհային ոստիկանության համապատասխան պարեկային խմբերի ուղեկցությամբ:

ՊԵԿ նախագահի հրամանով նախատեսված է առանձնացնել Արարատյան մաքսատուն-վարչության գործունեության գոտում գտնվող ժամանակավոր պահպանության պահեստ, և Մեղրիի անցումային կետով ներմուծված ապրանքների մաքսային հսկողության աշխատանքները կենտրոնացնել այդտեղ, ինչպես նաև նվազագույնի հասցնել իրանցի վարորդների շփումը մաքսային ծառայության պաշտոնատար անձանց կամ երրորդ անձանց հետ:

Հրամանով նախատեսված է պետական սահմանի անցումային այլ կետերով ներկրված բեռներն ուղղորդել մաքսային հսկողության այլ վայրեր կամ պահեստներ, բացառել դրանց հնարավոր շփումը պետական սահմանի Մեղրիի անցումային կետով ներկրված բեռների հետ:

Ապրանքները բեռնաթափելուց կամ բաց թողնելուց հետո ԻԻՀ-ում հաշվառված դատարկ տրանսպորտային միջոցների ելքը պահեստի տարածքից կթույլատրվի բացառապես ՀՀ ճանապարհային ոստիկանության պարեկային խմբերի ուղեկցությամբ՝ շարասյուներով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ