Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը փետրվարի 25-ին Վեհարանում հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնից։
Հանդիպմանը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրել է պատգամավորներին՝ հույս հայտնելով, որ նմանատիպ այցելությունները շարունակական բնույթ կունենան:
Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսը, ողջունելով նախաձեռնությունը, նույնպես կարեւորել է նմանօրինակ հանդիպումները Հայաստանի օրենսդիր մարմնի եւ եկեղեցականների միջեւ՝ վստահություն հայտնելով, որ դրանք կունենան իրենց դրական նպաստը փոխադարձ ճանաչողության հարցում: Վեհափառն ընդգծել է, որ նման հանդիպումներն ու զրույցները միանշանակ ծառայելու են ի շահ ժողովրդի եւ հայրենիքի:
Ամենայն Հայոց կաթողիկոսն անդրադարձ է կատարել պատգամավորների կարեւոր առաքելությանը եւ նրանց ուսերին ծառացած մեծ պատասխանատվությանը՝ օրենսդրական գործունեությամբ նպաստելու հայրենիքի առջեւ հառնած մարտահրավերների հաղթահարմանը եւ քաղաքացիների կյանքի կանոնակարգմանը։ Հայցելով Երկնավորի օգնականությունն ԱԺ պատգամավորներին կարեւոր այդ հանձնառության մեջ՝ Վեհափառ Հայրապետն արձանագրել է, որ հայ հոգեւորականության տեսլականն ու իրականացվող ծրագրերը նաեւ ուղղված են պետականաշինության գործընթացին եւ հայրենիքի զորացմանը:
Այս առումով Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդգծել է, որ օրենսդիր մարմնի անդամներն ու եկեղեցականներն ունեն նախանձախնդրության նույն ոգին եւ առաջնորդվում են նույն գիտակցությամբ՝ տեսնելու հայրենի երկիրը զորեղ, ժողովրդի կյանքը՝ բարօր:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել հայրենի կյանքը հուզող զանազան երեւույթների, Հայոց Եկեղեցու առաքելության եւ հովվական, կրթական եւ սոցիալական ոլորտներում գործունեության վերաբերյալ։ Մասնավոր կարեւորություն է ընծայվել Եկեղեցի-պետություն հարաբերությունների արդյունավորմանը եւ ՀՀ Զինված Ուժերում եկեղեցականների հոգեւոր ծառայությանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը