23 02 2020

Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի պատճառով 2 շաբաթով կփակվի․ վարչապետ

Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի պատճառով 2 շաբաթով կփակվի․ վարչապետ

Կառավարությունը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սիրելի հայրենակիցներ,

Հիմնվելով ՀՀ Պետական սահմանի մասին օրենքի 16-րդ հոդվածի վրա, որը վերաբերում է վարակիչ հիվանդությունների տարածման սպառնալիքի դեպքում պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցմանը, կառավարությանը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցնելու մասին։

Մասնավորապես, կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի սահմանային անցակետով անձանց մուտքը Հայաստան։

Տեղեկացնում եմ նաև, որ վաղը առավոտյան տեղի կունենա Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստը, որի ընթացքում կքննարկենք մեր հետագա քայլերը, հավանական սցենարները ու դրանցից բխող միջոցառումները։ Այս հանձնաժողովը, ի դեպ, գործում է հունվարի 31-ից։

Ամեն դեպքում՝ հարկ եմ համարում ընդգծել, որ խուճապային տրամադրություններ տարածելու ոչ մի հիմք չկա: Նման գործողությունները բոլոր դեպքերում վնասակար են»,-նշել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ