Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․
«Պարոն Փաշինյան մեկ-մեկ ցավակցե՛ք բանակում զոհվածների ընտանիքներին:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր օրվա մեծ մասն անցկացնում է վիրտուալ աշխարհում՝ facebook-յան իր էջում, որքան նկատել եմ, ընտրողաբար է տեղեկություններ հրապարակում՝ եւս մեկ անգամ ապացուցելով, որ բացարձակ զուրկ է պետական մտածելակերպից...
Փետրվարի 7-ի երեկոյան բոլոր հայաստանյան ԶԼՄ-ները տեղեկություններ տարածեցին, որ հերթական զոհերն են գրանցվել մեր բանակում՝ Սյունիքում ձնահյուսի հետեւանքով 3 զինծառայող է մահացել, իսկ 1-ն էլ ստացել է վնասվածքներ...
Անկեղծ ասած սպասում էի, որ Հայաստանի վարչապետը գոնե այս անգամ իր ցավակցությունները կհայտնի զոհվածների ընտանիքներին...Սակայն ապարդյուն...
Ողբերգական դեպքից հետո պարոն Փաշինյանը շարունակում է իրեն եւ «պողոսներին» ականջահաճո տեղեկություններ հրապարակել իր facebook-յան էջում...
Մեկ օրում երեք զինվոր ենք կորցրել, սակայն պարոն Փաշինյանը դեպքերից հետո ոչ թե ցավակցում է այդ ողբերգական դեպքի կապակցությամբ, այլ ուրախանում է Երեւանից Պաֆոս նոր չվերթի բացման կապակցությամբ...
Ժամանակին ընդդիմադիր Փաշինյանը խիստ քննադատության էր ենթարկում նախորդներին բանակում գրանցվող զոհերի համար...Իսկ վարչապետ Փաշինյանը, որքան հասկանում եմ, "մոռացության" է տալիս այսպիսի լուրերը եւ նույնիսկ չի էլ ուզում ցավակցել զոհվածների ընտանիքներին...
Հ.Գ.Պարոն Փաշինյանի facebook-յան էջին հետեւելիս այնպիսի տպավորություն է, որ ապրում ես ոչ թե Հայաստանում, այլ Շվեյցարիայում, Սինգապուրում կամ Բրունեյում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը