Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության եւ Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցներն օրերս Մեղրիի անցակետում համատեղ զննման են ենթարկել Իրանի քաղաքացի Ս.Հ-ի ուղեբեռները: Արդյունքում հայտնաբերել են շուրջ 900 գրամ «կետամին» տեսակի հոգեմետ նյութի բյուրեղանման զանգված՝ թաքցված սուրճի փաթեթների մեջ:
Այնուհետեւ` Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների իրականացրած վերլուծական եւ բացատրական աշխատանքների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել, որ Ս.Հ-ն իր մաքսանենգ նկրտումներն իրականացրել է համերկրացու հետ:
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում, հաջորդ օրը, «Զվարթնոց» օդանավակայանի ուղեւորների մեկնման սրահում հայտնաբերվել է Իրանի քաղաքացի Մ.Մ-ն, ով պատրաստվում էր մեկնել Երեւան-Դոհա-Կուալա Լումպուր ուղղությամբ: Ավիացիոն անվտանգության հատուկ զննման ծառայության աշխատակիցների հետ համատեղ Իրանի քաղաքացու ուղեբեռի մաքսային զննմամբ սուրճի 49 փաթեթում հայտնաբերվել է 1 կգ 335 գրամ ընդհանուր քաշով «կետամին» տեսակի հոգեմետ նյութ, որը նա պատրաստվում էր տեղափոխել 3-րդ երկիր:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերով ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել են քրեական գործեր, իսկ Իրանի քաղաքացիները ձերբակալվել են:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը