19 06 2020

Բյուջեի եկամուտների աղետալի անկում՝ մայիսին

Բյուջեի եկամուտների աղետալի անկում՝ մայիսին

Պետական եկամուտների կոմիտեի հրապարակումից տեղեկանում ենք, որ այս տարվա մայիս ամսին հարկային եկամուտներից և պետական տուրքից պետական բյուջե է մուտք գործել հազիվ 83 մլրդ դրամին հասնող գումար։ Պատկերացնելու համար, թե սա եկամուտների ի՞նչ աղետալի անկում է բերենք մի քանի այլ ցուցանիշներ։

1․ Հարկային եկամուտները սովորաբար ամենացածրն են լինում փետրվար ամսին, երբ վճարվում են տնտեսապես ամենապասիվ ամսվա՝ հունվարի հարկերը։ Այս տարվա փետրվարին դրանք կազմել են մոտ 90 մլրդ դրամ՝ մայիսի 83 մլրդ դրամի համեմատ։

2․ Անցյալ տարվա մայիսի 104 մլրդ դրամ հարկային  մուտքերի համեմատ այս տարվա մայիսին դրանք նվազել են 21 մլրդ դրամով։

3․ Ավելի խայտառակ է պատկերը նախորդող ամսվա՝ ապրիլի համեմատ։ Ապրիլին պետական բյուջեի հարկային մուտքերը կազմել էին 151 մլրդ դրամ՝ կամ 68 մլրդ դրամով ավելի, քան մայիսին։ Նշենք, որ ապրիլին կատարվում են որոշ եռամսյակային հարկային վճարումներ, և այդ ամսին հարկային մուտքերը սովորաբար բարձր են լինում, բայց ոչ նման ահռելի տարբերությամբ։

Այս տարվա հարկային եկամուտները ներկայացնելիս մշտապես բախվելու ենք նույն անոմալիային՝ ընդհանուր վերցրած եկամուտները ավելի մեծ են, քան առանձին-առանձին վերցրած հարկերային մուտքերը։ Դրա մասին բազմիցս առիթ ենք ունեցել խոսելու՝ անցյալ տարի բյուջեի եկամուտների մեջ էր ներառվում բյուջե չմտած, իրականում գոյություն չունեցած և որպես հարկային գերավճար ձևակերպված 136 մլրդ դրամը։ Դա հնարավորություն էր տալիս Նիկոլ Փաշինյանին հայտարարելու 1 մլրդ դոլար երկու տարվա ընթացքում բյուջեի եկամուտներն ավելացնելու մասին իրականությանը չհամապատասխանող ցուցանիշը՝ այսինքն սուտը։

Չափազանց ուշագրավ են բյուջեի «այլ եկամուտներ» տողում այս տարվա հունվար-մայիսին մուտքագրված գումարները։ Տեղեկացնենք, որ հենց այս տողում պետք է երևան այն գումարները, որը Նիկոլ Փաշինյանը խոստանում էր վերադարձնել կոռուպցիայից։ Նշենք նաև, որ այս տողում են արտացոլվում նաև ճանապարհային հարկը, հանային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, միասնական մաքսային վճարը, տույժ-տուգանքները և այլն։ Այսպիսով, այս տողում 2020 թ․-ի հունվար-մայիսին մուտքագրվել է 9,8 մլրդ դրամ, այն դեպքում, երբ անցյալ տարի այդ ցուցանիշը կազմել էր մոտ ․․․ 32 մլրդ դրամ։ Ի՞նչ է սա նշանակում։

Սա նշանակում է, որ այս տարի գործնականում կոռուպիցայից հետ բերված գումարների մասին խոսք անգամ չի կարող լինել, քանի որ բյուջեի այս տողում հավաքաված գումարը մոտ 3 անգամ զիջում է անցած տարվա նույն ժամանահատվածում հավաքված գումարին։ Ընդ որում, անցյալ տարվա հիմնական ձախողումը նույն Նիկոլ Փաշինյանը համարել է «ժողովրդից գողացած փողերի հետ վերադարձը», իսկ այս տարվա հավաքված գումարը, ինչպես արդեն նշվեց, 3 անգամ ավելի քիչ է , քան ձախողված տարվա հավաքված գումարը։ Սա, իհարկե, չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանը այլևս չի խոստանա «հետ բերել թալանվածը», ինչը նա կրկնում է ավելի քան երկու տարի, բայց այդպես էլ ոչ ապացուցել է իր մատնշած «թալանի» առկայությունն ու չափերը, ոչ էլ՝ առավել ևս հետ է բերել այն։ Թեև գուցե այս մասին հայտարարելն էլ բավարար է նրա հետ երկու տարի շարունակ սելֆի անելու ցանկություն ունեցող բիոզանգվածի համար։

Այսպիսով, արձանագրենք, արդեն ունենք բյուջեի եկամուտների իսկապես աննախադեպ անկում։ Դա շարունակվելու է առնվազն այս տարվա ընթացքում և գուցե նաև եկող տարվա ինչ-որ մի ժամանակահատվածում։ Դա կարող է բերել բյուջեի ծախսերի, այդ թվում աշխատավարձերի և կենսաթոշակների վճարման դժվարությունների։ Նիկոլ Փաշինյանի կառավարումն հանգեցրել է նրան, որ անգամ եթե նա հեռանա երկրի ղեկից, նրա կառավարման դառը հետևանքները դեռ տարիներ մենք ենք կրելու։

Կորոնավիրուսը որպես ներկա իրավիճակի պատճառ բերողներին հերթական անգամ հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն էր այն համարում հնարավորություն իր հորինած «տնտեսական հեղափոխությունն» իրականացնելու և մեր արտահանումը մինչև 30 մլրդ դոլարի հասցնելու։ Գուցե հենց դրա համար էլ նպաստո՞ւմ էր դրա տարածմանը այս տարվա փետրվար-մարտ ամիսներին։ Սակայն, նրա մոտ կարծես թե այնքան էլ չի ստացվում կորոնավիրուսի հնարավորությունը օգտագործելը և ընդհանրապես, նրա մոտ ոչինչ չի ստացվում ու չի ստացվելու։

Արա Մարտիրոսյան    

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ