30 01 2020

ՀՌՀ նախագահը խուսափում է Հ1-ին գնահատական տալուց. «Մեդիա պաշտպան»

ՀՌՀ նախագահը խուսափում է Հ1-ին գնահատական տալուց. «Մեդիա պաշտպան»

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացնում է, որ հարկատուների գումարներով ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերության լուրերով հեռարձակված ակնհայտ իշխանական քարոզ պարունակող և անմեղության կանխավարկածը ոտնահարող տեսանյութի վերաբերյալ պարզաբանումներ է ստացել ՀՌՀ ղեկավար Տիգրան Հակոբյանից։

«Մեզ հետ զրույցում Տիգրան Հակոբյանը նշեց, որ կարծիք չունի տեսանյութի վերաբերյալ և հավելեց, որ Հանրային հեռուստաընկերություն չի դիտում։ Նա նշեց, որ ՀՌՀ-ն չի զբաղվում նման խնդիրներով. «Հանրային Հեռուստաընկերությունն իր խորհուրդն ունի, որի լիազորությունների մեջ մտնում է այդ ամենն, ինչի մասին դուք ասում եք»։ Մեր պարզաբանող հարցին՝ արդյոք ճի՞շտ է, որ իրենք իրենցով զբաղվեն, Տիգրան Հակոբյանը կարճ պատասխանեց՝ այո, ճիշտ է։

Տիգրան Հակոբյանի հայտարարությունը մեզ տարօրինակ թվաց, քանի որ ստացվում է, որ ՀՌՀ նախագահը հարկատուների գումարներով ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերության եթերին չի հետևում, բայց հետևում է մասնավոր հեռուստաընկերությունների եթերին և ժամանակ առ ժամանակ դրանց եթերային բովանդակության վերաբերյալ մոնիթորինգային տվյալներ է հրապարակում իր ֆեյսբուքյան էջում:

Նաև հիշեցնենք, որ հունվարի 29-ին ՀՌՀ ղեկավարը հրավիրված ասուլիսում նշել էր, որ ՀՌՀ մոնիթորինգի թիմը հետևում է հեռուստաընկերություններին։ Ստացվում է, որ կա՛մ ՀՌՀ աշխատակիցներն են թերացել իրենց գործում և չեն նկատել հարկատուների գումարներով ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերության ակնհայտ իշխանական քաղաքական քարոզչությունը, կա՛մ մոնիթորինգի թիմն ուղղակի չի զեկուցել Տիգրան Հակոբյանին Հանրային հեռուստաընկերության լուրերի բաժնով հեռարձակվող իշխանական քաղաքական քարոզչանյութի մասին:

Տարօրինակ է նաև հանգամանքը, որ վարչապետ Փաշինյանի քաղաքական նախասիրություններին հարմարեցված և, ըստ մամուլի հրապարակումների, վարչապետ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ պատրաստված Հանրային հեռուստաընկերության տեսանյութն իր ֆեյսբուքյան էջով տարածում է անձամբ վարչապետը, ինչը նշանակում է, որ վարչապետ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերը դիտում է և կարծիք ունի, իսկ ՀՌՀ ղեկավար Տիգրան Հակոբյանը ոչ դիտում է, ոչ էլ Հանրային հեռուստաընկերության գործունեության վերաբերյալ կարծիք ունի: Այնուամենայնիվ, տարօրինակություններն այսքանով չեն ավարտվում.

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությանը տված մեկնաբանությունից րոպեներ անց պարոն Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջով հրապարակեց Հանրային հեռուստաընկերության եթերային բովանդակության մոնիթորինգային տվյալներ»,- ասված է «Մեդիա պաշտպան»-ի հաղորդագրության մեջ:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին հստակ գնահատական տալ Հանրային հեռուստաընկերության լուրերի թողարկման հունվարի 29-ի հայտնի տեսանյութին և կողմնորոշվել՝ ՀՌՀ-ը հարկատուների գումարներով գործող Հանրային հեռուստաընկերության եթերը մոնիթորինգի ենթարկու՞մ է, թե՞ ոչ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ