«Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձավ երեկ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի թողարկման ընթացքում եթեր հեռարձակված՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ պատրաստված ռեպորտաժին՝ նշելով, թե կփորձի պարզաբանումներ ստանալ պատասխանատու անձանցից:
Ենոքյանն ուղիղ եթերի ընթացքում զանգահարեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանին, սակայն վերջինս չցանկացավ մեկնաբանել:
«Ես այդ թեմայով չեմ ուզում խոսել, քանի որ դա ինձ չի վերաբերում»,-ասաց Շիրինյանը՝ ամփոփելով զրույցը:
Աղասի Ենոքյանը նշեց՝ պատասխանատուներն ասում են, թե իրենք պատասխանատու չեն: «Մենք բազմիցս դիմել ենք լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Պետրոս Ղազարյանին, բայց ապարդյուն: Կփորձենք գտնել այլ պատասխանատուների, որոնք մեկնաբանություն կտան»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ռեպորտաժը, ըստ Թովմասյանի պաշտպանների, ակնհայտ կանխակալ ներկայացման և անմեղության կանխավարկածի ցինիկ խախտման ցայտուն օրինակ է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը