Հանրային հեռուստաընկերության հունվարի 27-ի գլխավոր թողարկումը սկսվում էր վարչապետի լայվով, որտեղ նա անդրադառնում էր ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին։ Ծավալուն ռեպորտաժում ներկայացվում էր նաև Ազատություն TV-ում Ալեն Սիմոնյանի հարցազրույցից մի հատված, որում նա պատմում էր իր և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ զրույցից մի դրվագ, որն ավելի ուշ Վանեցյանը հերքեց՝ հայտարարելով, որ Ալեն Սիմոնյանի հետ Հրայր Թովմասյանի հարցով զրույց չի ունեցել։ «Նախ, քանի որ նման միջնորդություն չի եղել և երկրորդ՝ եթե անգամ լիներ, նա չէր այն մարդը, ում հետ ես նման հարց կքննարկեի։ Ափսոսում եմ, որ նրա քաղաքական թիմը այս կերպ է վարվում նրա հետ: Ցավում եմ, որ նա համաձայնել է նման ամոթալի ձևով օգտագործվել՝ հանուն մեկ մարդու անհեթեթ ամբիցիաների, որը չի խորշում իրար դեմ հանել անգամ ընկերներին ու ընտանիքի անդամներին»,-մասնավորապես նշել էր Վանեցյանը։
Ակնհայտ էր, որ ռեպորտաժում ընտրել էին՝ ինչը ներկայացնել, ինչը ոչ։ Շատ փաստեր ներառված չէին, օրինակ, լրագրողը չէր անդրադարձել գրչի հետ կապված վերջին քննարկումներին, վարչապետի իրար հաջորդող ֆեյսբուքայն գրառումներին, Թովմասյանի դստեր հետ կապված ավագանու անդամի խայտառակ անդրադարձին, որի պատճառով մեծ աղմուկ բարձրացավ, ինչի հետևանքով վերջինը մանդատը վայր դրեց։ Այս ամենից բացի, տաղավարում հյուրընկալել էին անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին, որը վիրավորական արտահայտություններ հնչեցրեց Թովմասյանի հասցեին․ «Հրայր Թովմասյանն աստեղ ոչինչ է, նա կամակատար խամաճիկ է այս պատմության մեջ, և նա ներկայացնում է Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան արդեն Արթուր Վանեցյան անսամբլը»։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նկատում է, որ սա ակնահայտ քարոզչություն է ու լրագրողական էթիկայի կոպիտ խախտում՝ չի ներկայացվում հակադիր կարծիք, փաստերը ներկայացվում են ընտրովի։ Սա ակնհայտ փորձ է անձին, տվյալ պարագայում, Հրայր Թովմասյանին հեղինակազրկելու։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը