20 11 2019

Չես կարող կյանք ստեղծել բարոյականության և մշակութային անապատում․ Նախագահ



Այսօր աշխարհը մի փոքր շփոթված է։ Այս մասին նոյեմբերի 20-ին, Կատարում կայացած Դոհայում կայացած հեղինակավոր «Կրթության համաշխարհային ինովացիոն գագաթնաժողովին» իր ելույթում ասել է պաշտոնական այցող Կատարում գտնվող, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Այսօր աշխարհը փոքր-ինչ շփոթված է, մենք չգիտենք, թե ուր ենք շարժվում, այնքան շատ հարցեր կան ու քիչ պատասխաններ այն մասին, թե ինչ է տեղի ունենում այս աշխարհում: Աշխարհն անկանխատեսելի է թվում, անկառավարելի: Ի՞նչ ենք անելու հաջորդիվ: Թույլ տվեք այս մասին կիսվել իմ կարծիքով:

100-150 տարի առաջ մարդկությունն օգտագործում էր այն մեծ գաղափարներն ու տեսությունները, որոնց հեղինակներն էին Իսահակ Նյուտոնն ու մյուսները: Դասական մեխանիկան կառավարում էր ամեն բան, այն պատասխան էր տալիս ամեն հարցի:

Գիտությունը կարողանում էր բացատարել ամեն բան, այդ թվում և տիեզերքն ու մոլորակները: Սակայն հետո աստիճանաբար իրավիճակը փոխվեց, հատկապես խորը տիեզերական ուսումնասիրությունների կամ փոքր մասնիկների ուսումնասիրությունների ժամանակ, դասական մեխանիկան այլևս չէր կարողանում բացատրություն տալ շատ երևույթների: Երբ համեմատում ես 150 տարի առաջ գիտության մեջ տեղի ունեցած երևույթները ներկայիս հետ, տեսնում ես, որ պատմությունը կրկնվում է:

Այսօր ևս գիտությունը փոքր-ինչ շփոթված է, շփոթված են գիտնականների, ուսուցիչների, համալսարանների մեծ մասը, քանի որ նրանք չգիտեն՝ ինչ սովորեցնել երեխաներին, այնքան շատ հարցեր կան, որոնք պատասխաններ չունեն: Իսկ պատասխանը եկավ ինքն իրեն: Մարդկային հանճարները, ի դեմս Ալբերտ Այնշտայնի, Հայզենբերգի և մյուսների, ստեղծեցին հարաբերականության տեսությունը և քվանտային մեխանիկան: Սա ամբողջությամբ փոխեց մեր մոտեցումը, փիլիսոփայությունը և տրամաբանությունը շատ հարցերի նկատմամբ: Անհրաժեշտ է փոխել ողջ մտածելակերպը՝ ընդունելով քվանտային աշխարհը, որտեղ ամեն բան ներդաշնակ է: Հաջորդ 100 տարիների ընթացքում աշխարհը, երկրներն ու հասարակությունները, մենք բոլորս քաղելու ենք արդյունքները, որոնք բերել է քվանտային աշխարհի նոր մտածելակերպը »,- ասաց նախագահը։

Նրա խոսքով՝այսօրվա աշխարհում շփոթմունքն ավելի մեծ է․ «Ի՞նչ պետք է անել հաջորդիվ: Ես կրկին կօգտագործեմ «ժամանակի դարպասը»: Աշխարհը բացարձակ տարբեր է: Երբ նայում եմ «ժամանակի դարպաս»-ի միջոցով, տեսնում եմ հետևյալ կարգախոսը՝ «բարի գալուստ նոր, քվանտային աշխարհ»: Սա մի աշխարհ է, որտեղ կարևոր է անհատի ուժը: Նայեք մեր երեխաներին: Նրանք ծնվում են, բնության հետ նրանց առաջին շփումը ոչ միայն մեխանիկական է կամ նյութական, այլև վիրտուալ:

Նրանք սկսում են ապրել երկու կյանքով՝ իրական ու վիրտուալ: Սմարթ հեռախոսները դառնում են նրանց առօրյայի մասը: Նրանց համար իրական գրքերը չաշխատող iPad-ներ են: Փոխվել է առողջապահությունը: Արհեստական բանականության, քվանտային ֆիզիկայի ներդրմամբ մենք կկարողանանք շատ արագ կարդալ մեր ԴՆԹ-ն, կկարողանանք ավելի երկար ապրել, հաղթել հիվանդությունները: Կփոխվի նաև արդյունաբերությունը: Մեքենան այսուհետ կարող են ստեղծել երկու ռոբոտներ: Այս դեպքում՝ ո՞րն է լինելու մարդկային գործունեությունը: Մարդկային գործունեությունը լինելու է ստեղծարարությունը, դիզայնը, այս ամենի վերահսկումը: Անհատներն այսուհետ փոխկապակցված են լինելու: Մենք արդեն քվանտային ենք այն առումով, որ մեր հաղորդակցումը կարող է տեղի ունենալ լույսի արագությամբ: Մեզնից յուրաքանչյուրն իր գրպանում մի ամբողջ շտեմարան ունի գիտելիքների: Հարցն այն է, թե արդյոք մենք կարող ենք դա օգտագործել, կարևոր ու գեղեցիկ բան ստեղծել այդ գիտելիքից»,- ասաց Արմեն Սարգսյանը:

Ինչպես ճիշտ օգտագործել գիտելիքը․ «Արմեն Սարգսյանն առաջարկում է մտածել երեք կարևոր ուղղություններով․ Կրթությունն ունի կարևոր առաքելություն՝ գտնելու տաղանդը: Ամեն երեխա ծնվում է տաղանդով: Բախին չեն սովորեցրել գրել երաժշտություն, նա ծնվել էր այդ տաղանդով, սակայն պետք է ստեղծել ճիշտ միջավայր և խրախուսել տաղանդը: Իհարկե, տաղանդ գտնելը հեշտ չէ, դա պահանջում է համբերություն, սեր, մեծ աշխատանք:

Սակայն դա շատ կարևոր է, որ երեխաները գտնեն իրենց տաղանդը: Երկրորդը, որ ուզում եմ ասել, եթե նույնիսկ հաջողակ, տաղանդավոր և հզոր ես, երբեք մի մոռացի, որ քո շուրջը կան հազարավոր, միլիոնավոր մարդիկ, որոնք զրկված են, հասանելիություն չունեն նույն տեխնոլոգիաներին, տեղեկատվությանը, որ դու ունես: Այսպիսով՝ երեբք մի մոռացեք մյուսների մասին, քանի որ հանճարները չեն ծնվել հարուստ քաղաքներում, նրանք ծնվել են փոքր գյուղում՝ քիչ հայտնի վայրում:

Պարտականություն ունեք, միշտ հիշել այդ ամենի մասին: Երրորդ կետը, որի մասին ուզում եմ խոսել, հետևյալն է. մեր կանքի նոր խթանիչ ուժը պետք է լինի այն, որ երիտասարդները հավատան իրենք իրենց: Դուք պետք է հավատաք, որ կարող ես լինել ստարտափ և լինել հաջողակ, քանի որ սա ստարտափերի ժամանակաշրջան է, այս աշխարհը ստարտափ է, քանի որ մենք մուտք են գործում նոր, քվանտային աշխարհ, որը ոչ միայն չորրորդ արդյունաբերական հեղափոխությունն է, այլև այն, որ ամեն ինչ շատ արագ է փոփոխվում, փոխկապակցված է, և դուք պետք է խորը հավատ ունենաք, որ կարող եք դա անել, քանի որ հաջողությունը միայն ճիշտ կրթություն ստանալը, ճիշտ համալսարան ավարտելը, կամ բարձր պաշտոններ զբաղեցնելը չէ: Դուք կարող եք այդ ամենը չունենալ, բայց կարող եք դառնալ Apple-ի, Google, Facebook-ի հիմնադիր և ամեն ինչ հնարավոր է: Հավատացեք ինքներդ ձեզ: Արդյոք գիտելիքները, տեղեկատվությունը բավակա՞ն է: Կարծում եմ՝ ոչ, քանի որ կա մեկ այլ՝ ավելի կարևոր բան, դա ձեր ինքնությունն է, ձեր մարդկային արժեքները, հավատը, ձեր մշակույթը: Դուք պետք է ձեր մշակույթը շատ լավ իմանաք»,- ասաց նախագահը:

Արմեն Սարգսյանը շնորհակալություն հայտնեց շեյխուհի Մոզա բինտ Նասեր ալ-Միսնեդին՝ Կրթության համաշխարհային ինովացիոն համաժողովին մասնակցության հրավերի համար։ Կրթության համաշխարհային ինովացիոն համաժողովը 2009-ից հովանավորում է շեյխուհի Մոզան։ Շեյխուհին ակտիվ հասարակական գործունեությամբ է զբաղվում։ Նա Կատարը նոր սիլիկոնե հովիտ դարձնելու գաղափարի հեղինակն է, միլիոնավոր դոլարների արժողությամբ բազմաթիվ գիտատեխնիկական նախաձեռնությունների հեղինակ։

Գագաթնաժողովի նախկին բանախոսների թվում են եղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Գորդոն Բրաունը, Ավստրալիայի նախկին վարչապետ Ջուլիա Գիլարդը և այլ հեղինակավոր գործիչներ։

Այս տարի գագաթնաժողովին մասնակցում են ավելի քան 100 երկրների պետական և մասնավոր հատվածի շուրջ 3000 ներկայացուցիչներ, գիտնականներ, փորձագետներ, հետազոտողներ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ