13 11 2019

Ռուս պաշտոնյան սևացրել է Նժդեհի հուշատախտակը

Ռուս պաշտոնյան սևացրել է Նժդեհի հուշատախտակը

ՌԴ Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը ներկել է հայկական եկեղեցու տարածքում տեղադրված հուշատախտակը, որը նվիրված է Գարեգին Նժդեհին: Նրա խոսքով՝ նոյեմբերի 11-ին լրացել է ժամկետը, որի ընթացքում Քաղաքային դուման խոստացել էր ապամոնտաժել հուշատախտակը:

ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը խոր վրդովմունք է հայտնում Ռուսաստանի Արմավիր քաղաքում կատարված միջադեպի առնչությամբ։ Դեսպանության հաղորդագրության մեջ ասվում է.

«Արմավիրի (Կրասնոդարի երկրամաս) Քաղաքային դումայի պատգամավոր Ա. Վինոգրադովի գործողությունները դիտարկում ենք որպես վանդալիզմի դրսևորում Հայ առաքելական եկեղեցու տարածքում, ինչը հակասում է սահմանված օրինական կարգին:

Այդ գործողությունները չեն համապատասխանում հայ-ռուսական փոխհարաբերությունների ոգուն և կարող են հանգեցնել միջազգային լարվածության:

Ընդգծենք, որ Արմավիրում տեղի ունեցածը լուրջ մտահոգություն է առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում բնակվող մեր բազմաթիվ հայրենակիցների շրջանում: Դեսպանությունը սահմանված կարգով տեղյակ կպահի համապատասխան ռուսական մարմիններին հայկական տաճարի տարածքում կատարվածի մասին:

Միևնույն ժամանակ կոչ ենք անում Արմավիր քաղաքի իշխանություններին համապատասխան գնահատական տալ կատարվածին:  Կատարվածը կլինի դիվանագիտական ներկայացուցչության ուշադրության կենտրոնում: Դեսպանության ներկայացուցիչները մշտապես կապ են պահպանում համայնքի և ՌԴ համապատասխան մարմինների հետ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ