05 11 2019

Գոռ Սուջյանը հերքում է, նախարարությունը՝ պարզաբանում

Գոռ Սուջյանը հերքում է, նախարարությունը՝ պարզաբանում

Նոյեմբերի 4-ին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադառնալով օրեր առաջ մեծ աղմուկ բարձրացրած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը, նշել է, որ նախարարն ու նախարության աշխատակազմը լուրջ ազդեցություն չունեն ներկայացմանը հատկացումներ անելու հարցում:

Ըստ նրա՝ կան մասնագետներ, որոնք լավ գիտեն ոլորտը և ըստ ոլորտների ձեւավորվում են հանձնախմբեր, որոնք դիտարկելով բոլոր աշխատանքները, գնահատական են տալիս: Կոնկրետ նշյալ ներկայացման մասով Ա. Հարությունյանի պնդմամբ՝ դրական եզրակացություն տված հանձնաժողովի անդամներն են ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, Կոնսերվատորիայի դոկտոր, պրոֆեսոր Լիլիթ Երնջակյանը, Օպերայի երգիչ Լիպարիտ Ավետիսյանը, երգիչ Գոռ Սուջյանը և էլի մեկ հոգի:

Երգիչ Գոռ Սուջյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է նախարարին՝ գրելով.

«Ժողովուրդ ջան, նոր տեսա, որ նախարարը նշում է իմ անունը՝ որպես մասնագետի, ով հավանություն է տվել այս ներկայացմանը, սակայն ուզում եմ նշել, որ թյուր ինֆորմացիա է, քանի որ ես նման ներկայացման հավանություն չե՛մ տվել։ Ինձ հրավիրել են որպես երիտասարդ երաժշտի իմ կարծիքը հայտնելու՝ այս կամ այն մշակութային ծրագրերի մասին, բայց ո՛չ որպես մասնագետ, քանի որ մասնագետն այն անձն է, ով խորապես տեղեկացված է ծրագրերից։ Անձամբ ես տեղեկացված եմ եղել ծրագրերից շատ մակերեսորեն եւ եթե չեմ սխալվում, տվյալ ներկայացումը նշվել էր որպես «1920- ականների հայ հեղինակների ընթերցանության օր»: Ամեն դեպքում, ես հավատացյալ քրիստոնյա եմ եւ եթե ինչ-որ մի բան տեսնեի, որը դեմ է քրիստոնեական արժեհամակարգին ՝ ես դրան հավանություն չէի տա»։

Ավելի ուշ նախարարությունն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Գոռ Սուջյանի գրառմանը.

«Երգիչ Գոռ Սուջյանը գրառում է կատարել, որում նշում է, թե ԿԳՄՍ նախարարը իբր «թյուր ինֆորմացիա» է հայտնել «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը` իր հավանություն տալու վերաբերյալ:

Բացի այն, որ գոյություն ունի Գոռ Սուջյանի ստորագրությամբ արձանագրությունը, որը հրապարակում ենք, հարկ ենք համարում ընդգծել, որ նախարարը իր խոսքում նշել է ոչ թե հավանությունների մասին, քանի որ քննարկումը փակ է եղել, այլ լրագրողների հարցին ի պատասխան հրապարակել է հանձնաժողովի անդամների ցանկը։

Ուշագրավ է նաև այն, որ երգիչն իր տեքստում, ըստ էության, նշել է ճիշտ այն, ինչը գրված է եղել նախարարության պարզաբանման մեջ. նախարարությանը ներկայացված ծրագիրը հայ բանաստեղծների ժամանակակից ընթերցանության բեմադրումն է եղել»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ