Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի գլխավորությամբ այցելել է Վերին Լարս:
Տեղում մանրակրկիտ ուսումնասիրվել է տարիների ընթացքում արդեն իսկ խրոնիկ դարձած հերթերի, խցանումների հետ կապված իրավիճակը:
ՌԴ Պետդումայի գործընկեր հանձնաժողովի՝ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի տեղակալ Կազբեկ Կուցուկովիչ Տայսաևի գլխավորությամբ պատվիրակությունը հայկական պատվիրակության հետ միասին եղել է Հյուսիսային Օսիայի Հանրապետության պառլամենտում, որտեղ նրանց ընդունել է նաև պառլամենտի նախագահ պարոն Ալեքսեյ Վասիլևիչ Մաչնևը:
Ներկա են եղել շահագրգիռ բոլոր կողմերը՝ սահմանապահ զորքերի հրամանատարությունը, ղեկավար կազմը, ինչպես նաև Հյուսիսկովկասյան օկրուգի մաքսային ծառայության ղեկավարները, Հյուսիսային Օսիայի մաքսային ծառայության ղեկավարը:
Մանրակրկիտ ուսումնասիրվել են առկա բոլոր խնդիրները, մասնավորապես՝ Ռուսաստանից դեպի Վրաստան, Հայաստան թողունակության, հատկապես՝ բեռնատար ավտոտրանսպորտի թողունակության բարձրացման խնդիրը:
Սրա հետ կապված Ռուսատանի Դաշնության կառավարությունն արդեն նախատեսել է շուրջ 1.9 մլրդ ռուսական ռուբլի՝ նպատակային պետական ծրագրերի շրջանակում բեռնատարների անցուղիների թվաքանակը ընդլայնելու համար:
Միաժամանակ նշվել է, որ շինարարության ընթացքում կուտակումներն է՛լ ավելի կմեծանան, և այլընտրանքային լուծումներ են պետք:
Քննարկվել են նաև հարցեր՝ կապված անցակետերում ֆիտոսանիտարիայի կազմակերպման խնդիրների հետ: Այստեղ Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության օրենքների ներդաշնակեցման խնդիր կա: Առաջադրված խնդիրներից մեկն այն է, որ քաշերը ստուգվեն ոչ թե մաքսային վերջնակետում՝ Լարսում, այլ մինչև այդ առկա 3-4 այլ կետերում: Մյուսը ֆիտոսանիտարիայի լաբորատոր հետազոտությունների կենտրոնների հեռավորությունն է. դրանք գտնվում են ոչ թե Վլադիկավկազում, որը Լարսից մոտ 120 կմ հեռավորության վրա գտնվող Կաբարդա-Բալկարական Հանրապետության մայրաքաղաք Նալչիկում: Դա նույնպես ձգձգումների պատճառ է դառնում:
Քննարկվել են նաև ուղևորատար տրանսպորտին վերաբերող հարցեր՝ կապված լիցենզավորված փոխադրումների, ավտոընկերությունների միջև հստակ ժամանակացույցերի արձանագրման և սպասարկման հետ: Ներկայացվել են սահմանապահ ծառայության կողմից սպասարկման խնդիրները:
Վերը նշված հարցերը կքննարկվեն նոյեմբերի 6-ին՝ Գյումրիում կայանալիք հայ-ռուսական միջպառլամենտական հանձնաժողովի նիստում, որտեղ հիմնական զեկուցողներից է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:
Քննարկվել են նաև այլ հարցեր՝ կապված բեռների ստուգման, խմբաքանակներով թողնման հետ: Հուսով ենք, որ մոտ ժամանակներս Հայաստանի Հանրապետության Պետեկամուտների կոմիտեն Լարսում կունենա մշտական ներկայացուցիչ:
Հանդիպմանը մասնակցում էր նաև Դոնի Ռոստովում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Արթուր Սարգսյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը