ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում վերանորգման աշխատանքների պատճառով զինծառայողների ընտանիքի անդամների, երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակառուների, մարտական գործողությունների մասնակիցների և զինծառայողներին հավասարեցված անձանց բուժօգնությունը կկազմակերպվի քաղաքացիական բժշկական հաստատություններում։
«ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության զարգացման շրջանակներում մշտապես իրականացվում են հոսպիտալների շենքային պայմանների բարելավման և գործիքային վերազինման աշխատանքներ։
Ներկայումս վերանորոգման աշխատանքներ են իրականացվում ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, որի պատճառով բուժօգնության ծավալները խիստ սահմանափակվել են և որոշ բաժանմունքներում բուժական գործընթացը դադարեցվել է։
Նկատի ունենալով նշված հանգամանքը, մինչև վերանորոգման ավարտը և հոսպիտալի բնականոն աշխատանքների վերականգնումը զինծառայողների ընտանիքի անդամների, երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակառուների, մարտական գործողությունների մասնակիցների և զինծառայողներին հավասարեցված անձանց բուժօգնությունը կկազմակերպվի քաղաքացիական բժշկական հաստատություններում' պետության կողմից երաշխավորված բուժօգնության կազմակերպման ծրագրի շրջանակներում»,- գրել է խոսնակը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը