Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հոկտեմբերի 15-ից 18-ը Հայաստան են այցելելու աշխարհահռչակ «Airbus» ընկերության պաշտպանական և տիեզերական հարցերով փոխնախագահ Լիոնել Շամփոան և տարածաշրջանային պատասխանատու Վսեվոլոդ Կազակովը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Նախագահ Սարգսյանի առաջին հանդիպումն ընկերության ղեկավարության հետ կայացել էր դեռևս այս տարվա հունիսին Լը Բուրժեում անցկացված՝ Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդեսի շրջանակում. Արմեն Սարգսյանն այցելել էր ընկերության տաղավար, հանդիպել ղեկավարության հետ: Հենց այստեղ էլ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Հայաստան այցելության և համագործակցության հնարավորությունների շուրջ քննարկումները շարունակելու վերաբերյալ:
«Airbus»-ը համաշխարհային տիեզերաօդային ոլորտի առաջատար ընկերություններից է, և Հայաստան այցի շրջանակում «Airbus»-ի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկելու են մեր երկրի ոլորտային արդյունաբերությանն աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները: Ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի հետ կրթական ծրագրերի իրականացմամբ, հայաստանյան ինստիտուտների հետ համագործակցության հաստատմամբ: Մասնավորապես, «Airbus»-ը պատրաստակամություն է հայտնել կրթական և վերապատրաստման ծրագրեր իրականացնել առաջատար ֆրանսիական տիեզերաօդային համալսարանի՝ Ավիացիայի և տիեզերքի Ազգային բարձրագույն դպրոցի մասնակցությամբ:
Օդանավերի արտադրությամբ զբաղվող «Airbus» ընկերությունը խոշորագույն ավիացիոն և տիեզերական ընկերությունն է Եվրոպայում: Այստեղ մշտապես կարևորում են նորարարական լուծումների և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում թռիչքների ապագայի համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը